Մատչելիության հղումներ

Ցեղասպանագետն առաջարկում է Հայաստանում ստեղծել անկախ ցեղասպանագիտության ինստիտուտ

Կրթության նախարարը պնդում՝ ինքը Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի անձնակազմին չի ասել, թե տնօրենը հեռացվում է հուշահամալիրի շինաշխատանքները լավ չկազմակերպելու համար:

«Ես նման բան չեմ ասել», - ընդգծեց նա:

«Մեզ ասում են, որ դա շինարարության հետ կապված խնդիր է, բայց մի տեսակ անլուրջ է, որովհետև մենք ի՞նչ կապ ունենք շինարարության հետ», - ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի բաժնի ղեկավար Սուրեն Մանուկյանը:

Թանգարան-ինստիտուտից ոչ միայն Սուրեն Մանուկյանը, այլ աշխատակիցներ էլ էին պնդում, որ արդեն նախկին տնօրեն Էդիտա Գզոյանին հրաժարական պարտադրելու հիմնավորումը Կրթության նախարարությունից՝ շինարարությունն է եղել, հետո լսեցին վարչապետից՝ դա իր ցուցումն էր, Միացյալ Նահանգների փոխնախագահին սադրիչ գիրք է նվիրել նախկին տնօրենը, ամերիկյան մամուլի արձագանքը՝ հայերի դեմ ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ՝ 1905–1921 թվականներին:

«Եղել է իրավիճակ, որը չպետք է լիներ, ու այդ իրավիճակն ունեցել է իր հանգուցալուծումը», - նշեց նախարարը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի բաժնի ղեկավար Հարություն Մարությանն ասաց. «Ինքներս ենք որոշել, թե ինչ գրքեր նվիրել և որևիցե անգամ որևիցե խնդիր չի եղել: Այս պարագայում ևս մարդը բարձրաստիճան հյուր էր, ԱՄՆ փոխնախագահ և մենք շատ կուզենայինք, որ նա իմանար, թե ինչ է գրել ամերիկյան մամուլը, մենք դրա մեջ որևէ ինչ-որ բան չենք տեսել: Քանի որ մենք պրոտոկոլից որևէ դիտարկում, դիտողություն չենք ստացել, շարունակե ենք վարվել այնպես, ինչպես նախկինում»:

Թանգարան-ինստիտուտի Արցախի, Նախիջևանի և Ադրբեջանի հայաբնակ շրջաններում հայության բռնաճնշումների ուսումնասիրության բաժնի ղեկավարը ընդգծում է՝ Վենս ամուսինների այցից առաջ կառավարական արարողակարգից իրենց ոչինչ չի ասվել: Նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց. «Իրավասու չեմ պատասխանել»:

Գիտական հաստատությունը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ունի, դիվանագետ Թաշչյանը, բայց անձնակազմը Գզոյանի հեռացման ու դրա հիմնավորումների հետ հաշտ չէ ու երեկ կրթության նախարարի հետ հանդիպման էին եկել, մի մասը պատասխաններ ստանալու հույսով, մյուսները՝ ի սկզբանե անհույս:

Ժամուկես տևած հանդիպումից գիտնականները դուրս եկան մտահոգ դեմքերով, առանց որևէ բառ ասելու տրամադրության, միայն Հարություն Մարությանը՝ թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն ու նաև հոգաբարձուների խորհրդի արդեն նախկին անդամ, համաձայնեց խոսել. «Մենք՝ գիտնականներս, Էդիտա Գզոյանին սադրիչ չենք համարում և ոչ էլ պատերազմի հրձիգ»:

Նախարարությունում Գզոյանի տնօրինության էջը փակել են, գիտնականներին ասել՝ «գնացեք, ձեր գործն արեք»:

«Մեզ վստահեցվեց, որ թեմատիկ փոփոխություններ, Արցախի հետ կապված հետազոտական ինչ-որ խնդիրներ, ոչինչ չի փոխվելու, մենք շարունակելու ենք աշխատել այնպես, ինչպես աշխատում էինք նախկինում: Մենք շարունակելու ենք գրել և՛ Սումգայիթի մասին, և՛ Կիրովաբադի, և՛ Բաքվի ջարդերի մասին, մենք շարունակելու ենք մեր գործը որպես հետազոտողներ», - նշեց Հարություն Մարությանը:

Մարությանը հույս ունի, որ երբ վարչապետը հայտարարում է, որ Արցախի էջը փակված է, դա չի նշանակում, որ Արցախի մասին հետազոտությունների էջն էլ է փակված: Թանգարան-ինստիտուտի գործառույթը, սակայն, միայն հետազոտելը չի, նաև կատարված աշխատանքը ներկայացնել, ցուցադրել, հանրահռչակելն ու այդ աշխատանքը, օրինակ, օտարերկրյա բարձրաստիճան հյուրին նվիրելն է: Այստեղ Մարությանը հիշեցնում է, որ ժամանակավոր պաշտոնակատարը քաղաքագետ-դիվանագետ է:

Միջազգային տարբեր համալսարաններից հայտնի ցեղասպանագետներ հայտարարություն էին տարածել, տեղի ունեցածը համարել քաղաքական միջամտություն, սարսափելի ազդակ, որ ճշմարտացի հիշողությունը զոհաբերվում է ըստ դիվանագիտական հարմարության: Հայտարարությանը շարունակում են միանալ ականավոր գիտնականներ, արդեն 35-ն են, ասում է Պետրոս Տեր- Մաթոսյանը՝ Նեբրասկա-Լինքոլնի համալսարանի պրոֆեսոր:

«Արցախի էջը նաև գիտնականների համար են ուզում փակել». Պետրոս Տեր- Մաթոսյան

«Դոկտոր Գզոյանին գործից հանելն անարդար կնկատվի, և խախտվում են բոլոր ակադեմիական սկզբունքները, և շատ լուրջ մտահոգություն են սրանք հայտնում պատահածին», - նշեց պրոֆեսոր Տեր-Մաթոսյանը:

Նա ընդգծում է՝ ոչ մի հույս էլ չունեին, թե կառավարությունը իրենց նամակը հաշվի կառնի ու կվերադարձնի Գզոյանին, բայց ասում է, որպես պատմաբաններ իրենց պարտքն է ահազանգել Արցախի էթնիկ զտման ժխտողականության դեմ... Ըստ պրոֆեսորի՝ Գզոյանին գրքի համար հեռացնելը միայն ակադեմիական գործին միջամտել չէ, վստահ է՝ Արցախի էջը նաև գիտնականների համար են ուզում փակել:

«Պատահածն էթնիկ զտում էր ու մշակութային ցեղասպանություն: Իրավունքն է պատմաբանների, ցեղասպանագետների, որ ուսումնասիրեն այս երևույթը ու հասկանան, թե ինչու եղավ և որոնք են հետևանքները այս ոճիրի», - ասաց Տեր-Մաթոսյնանը:

Նա կարծում է՝ աստիճանաբար կփակվեն օրինակ արցախցիների նյութական փոխհատուցման, մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ գիտական թեմաները, Արցախի բարբառով գուցե կարողանան զբաղվել գիտնականները, բայց ըստ պրոֆեսորի, այս ինստիտուտի գործը բռնությունները հետազոտելն է և այդ աշխատանքը տարածելը:

«Եթե ուսումնասիրությունը մնա ուսումնասիրության ծիրեն ներս և չփորձենք ազդել ապագա սերունդների վրա, քաղաքականություն կերտողների վրա, ասել է, թե մենք մեր գործը լավ չարեցինք», - հավելեց նա:

Պետրոս Տեր-Մաթոսյանը վստահ է՝ ցեղասպանագետների աշխատանքը պիտի քաղաքականության մաս կազմի, որպեսզի այն դառնա ազդեցիկ. «Սա է մեր գործը՝ փորձել ՄԱԿ-ի վրա ազդել, փորձել տարբեր միջազգային մարմինների վրա ազդել, որպեսզի կանխարգելվի ապագայի ոճրագործությունները, ցեղասպանություններն ու էթնիկ զտումները»:

Կառավարությունը հետազոտական թեմաների սահմանափակումների մասին ոչինչ դեռ չի հայտարարել, բայց պրոֆեսորը մտահոգություն ու մի առաջարկ ունի. Հայաստանում ստեղծել անկախ ցեղասպանագիտության ինստիտուտ, որպեսզի այդտեղ հետազոտվեն կառավարության քաղաքական օրակարգից դուրս հրավիրված թեմաները:




XS
SM
MD
LG