Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջ է քաշում 200 հազար հոգանոց եվրոպական խաղաղապահ ուժեր ստեղծելու գաղափարը, միաժամանակ պնդելով, որ ԱՄՆ ղեկավարությունը ցանկացած նման նախաձեռնությունում կարևոր նշանակություն կունենա:
Հունվարի 22-ին Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին՝ կլոր սեղանի ժամանակ, Զելենսկիին հարցրել են խաղաղապահ ուժերի քանակի մասին՝ Ռուսաստանի հետ հնարավոր հրադադարի համաձայնագիրն ապահովելու համար, նա պատասխանել է. «Բոլոր եվրոպացիների՞ց: 200 հազար, դա նվազագույնն է, այլապես դա ոչինչ է»:
Համաժողովում ելույթ ունենալով՝ Ուկրաինայի առաջնորդն ասել է, որ նման զորակազմը անվտանգության ընդհանուր երաշխիքների միայն մի մասը կլինի, որոնք Կիևին պետք կգան, եթե երբևէ բանակցություններ սկսվեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հրադադարի վերաբերյալ:
Զելենսկին Bloomberg News-ին նաև ասել է, որ ցանկացած խաղաղապահ ուժ արդյունավետ լինելու համար պետք է ներառի նաև ԱՄՆ զորքեր:
200 հազար հոգանոց խաղաղապահ ուժերը Եվրոպայի համար աննախադեպ ջանքեր կլինեն, շատ ավելի մեծ, քան երկրների մեծ մասի առանձին ուժերը: Բոսնիա և Հերցեգովինայում ՆԱՏՕ-ի գլխավորած միջազգային առաքելության թիվը 1996 թվականին իր գագաթնակետին է հասել՝ կազմելով 60 հազար զինծառայող, որոնց մոտ մեկ երրորդը Միացյալ Նահանգներից էր:
Ուկրաինայում օտարերկրյա ռազմական կոնտինգենտի տեղակայումը քննարկվում է այն երկրների հետ, որոնք, հնարավոր է, ցանկանան մասնակցել դրան, հունվարի 16-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերի հետ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Զելենսկին։