«Այսօր մեր վերջն օրն է, վաղվանից, այսինքն, մենք պետք է լավագույն դեպքում հետ վերադառնայինք». - Մելինե Մուրադյանն ամուսնու ու երեխայի հետ Թաիլանդ էր մեկնել հանգստի: Մերձավոր Արևելքում ծավալվող պատերազմի հետևանքով 15-հոգանոց խմբի հանգիստը վերածվեց անհանգստության: Խումբն էլ դարձավ «իրավիճակային պատանդ»: Վաղն արդեն պետք է վերադառնային հայրենիք, բայց թռիչքը չեղարկվել է անորոշ ժամանակով:
«Էս պահին մենք տարբերակներ ենք փնտրում: Տարբերակներ, մեկ՝ էստեղ մի քիչ երկար մնանք, միգուցե մեր թռիչքը վերաբացվի, որը որ, ինչպես հասկացա, ռեալիստիկ չի, որովհետև մինչև ամսի 20-ը, երբեմն ավելի ուշ, բոլոր թռիչքները մեր ուղղություններով փակ են», - «Ազատությանը» ասաց Մելինեն:
Թաիլանդը բացահայտելու ու վայելելու փոխարեն այժմ հավաքվել ու հայրենիք հասնելու ելքեր են փնտրում: Մելինեն պատմում է՝ դիտարկում են Չինաստան, Ռուսաստան տանող ուղղությունները, բայց պատերազմական իրավիճակն ազդել է նաև տոմսերի գների վրա. - «Այս պահին ավիաընկերությունները շատ չարաշահում են թռիչքների գները»:
Տարբեր եղանակներով իրենց մտահոգությունն ու առաջարկներն են փոխանցել Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը, բայց դեռ պատասխան չունեն:
Մելինեն ու նրա բախտակիցները հիմա այլ ելքեր են փնտրում՝ ինչպես երկարացնել կեցությունը հյուրանոցում։ Վաղվա համար արդեն ունեն համաձայնություն, բայց անորոշությունն ու տագնապը դեռ օդում կախված են։
«Ճամփորդությունը շատ վաղուց էինք պլանավորել՝ մոտ մեկ տարի առաջ տոմսերն էինք առել, մի քանի ամիս առաջ հյուրանոցն էինք ամրագրել, և շատ զեղչային սեզոններին էինք դա արել ու շատ մատչելի գներով էինք դա արել: Հիմա փորձում ենք բանակցել, որ մեզ նույն գներով նաև թույլ տան շարունակել ևս մի քանի օրով, մինչև որ մենք կփորձենք այլ որևէ տարանցիկ թռիչք, այսպես ասած, գտնել», - նշեց Մուրադյանը:
Հայաստանի արտգործնախարարությանն իրենց տվյալները փոխանցած ու պաշտոնական լուրերին ուշիուշով հետևող, Թաիլանդում մնացած հայաստանցիները Կառավարությունից խնդրում են միջոցներ ձեռնարկել, որ որևէ ավիաընկերություն իրենց հասցնի Երևան:
Կառավարությունը «չի կարող վճարել նրանց տոմսերի համար»
Արտաքին գործերի նախարարն օրերս խորհրդարանում հայտարարեց՝ իրենց խնդիրն է հոգ տանել, որ քաղաքացիները տուն վերադառնալու հնարավորություն ունենան: Իսկ Կառավարությունը չի կարող վճարել նրանց տոմսերի համար, ասում էր Արարատ Միրզոյանը:
«Մի մարդ, որը մի ամիս է համարյա Շրի Լանկայում ինչքան հնարավոր է լողազգեստով նկար է գցել, նշանակում է՝ վճարունակ է, չէ՞, տոմս կարա առնի և բան անի, ինչի՞ մասին է խոսքը: Մի քիչ արդար չի նաև պահանջը Կառավարության նկատմամբ նաև էդ տոմսը առնել, նաև էն: Կլինե՞ն այլ խմբեր, այլ խավեր՝ կմտածենք և կդիտարկենք, բնականաբար, նաև ֆինանսական է՛դ բեռը մեր վրա վերցնելու հարցը», - նշեց Միրզոյանը:
«Դեռ մեկ տարի առաջ էինք հանգիստը պլանավորել», - պատմում է Թաիլանդում մնացած Արփի Բեգլարյանն ու ընդգծում՝ որտեղի՞ց նախապես ճամփորդություն պլանավորողին մեծ գումարներ, որ մի քանի անգամ թանկ վճարելով հասնի տուն:
«Մեր տոմսը գնել ենք մեկ տարի առաջ, գնալ-գալով 150 հազար դրամ էր, հյուրանոցը ամրագրել ենք ամիսներ առաջ, որ կարողանանք էդտեղ մնանք նախաճաշով, այսինքն՝ մի, չգիտեմ, 700-800 դոլարի մեջ մենք սահմանափակվել ենք և էդ գումարը հավաքել ենք մի տարվա ընթացքում: Իրենց կողմից էդ արտահայտությունները, որ մարդիկ փող ունեն, դե թող հետ գան, բնկանաբար, գումար չունենք՝ կրկնակի, եռակի մեր ծախսածից կամ մեր նախատեսածից ավել վճարելու տոմսի համար, և ընդհանրապես նման բան չէինք նախատեսում, որ կարող է լինել», - «Ազատությանը» ասաց Արփին:
Արտգործնախարարության փոխանցմամբ՝ մարտի 4-ից մինչև այսօր FlyDubai ավիաընկերության թռիչքներով Էմիրություններից Երևան է տեղափոխվել Հայաստանի ավելի քան 240 քաղաքացի, Հնդկաստանից ու Շրի Լանկայից 104 մարդ է վերադարձել: Այս պահի դրությամբ Թաիլանդում մնացած հայաստանցիների վերաբերյալ նախարարությունը ոչ մի տեղեկություն չի հաղորդել:
Օրերս Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարել էր, որ Աբու Դաբիում մնացածներին ավտոմեքենայով Հայաստանի կառավարության հաշվին հասցնում են Օման, բայց Օմանի օդանավակայանից Երևան թռիչքի համար նրանք պետք է վճարեն: Դեպի Երևան թռիչքը թանկ է՝ իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ավիաընկերության տոմսի գինը սկսվում է 1100 եվրոյից: Թե քանի Հայաստանի քաղաքացի է այժմ փորձում հայրենիք վերադառնալ, դեռ հստակ չէ: