«Թրամփի ուղու» նախագծում բազմաթիվ նյուանսներ կան, որոնք առնչվում են հայ-ռուսական հարաբերություններին, այսօր Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի նախագահի հետ առանձնազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետը՝ չհստակեցնելով, սակայն, թե կոնկրետ ինչ նկատի ունի:
«Մենք նաև ներկայումս շատ կառուցողական երկկողմ բանակցություններ ենք վարում Միացյալ Նահանգների հետ TRIPP երկաթուղու իրականացման և կառուցման վերաբերյալ, և դրանք իսկապես ներկայացնում են նշանակալի և իմաստալից փոփոխություններ մեր տարածաշրջանում։ Եվ այստեղ կան բազմաթիվ նրբերանգներ Ռուսաստանի Դաշնության հետ մեր երկկողմ հարաբերություններին առնչվող, և այսօր, կարծում եմ, շատ լավ հնարավորություն է քննարկելու այս բոլոր հարցերը», - ասել է Նիկոլ Փաշինյանը:
Անցած շաբաթ Մոսկվայից հայտարարել էին, թե առանց Ռուսաստանի մասնակցության գործընկերները չեն կարող գործարկել «Թրամփի ուղին»:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինն ասել էր, որ ռուսական հնարավոր մասնակցության համար կան բավարար հիմքեր: Ռուսաստանցի պաշտոնյան շեշտել էր, որ Հայաստանում գործող երկաթուղին ռուսական ընկերությունն է կառավարում:
«Մեր ընկերությունը՝ «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ը, որը «Ռուսական երկաթուղիներ»-ի դուստր ձեռնարկությունն է, ունի Հայաստանի երկաթուղային ցանցի կառավարման կոնցեսիա։ Տարածաշրջանն օգտագործում է ռուսական երկաթուղային գծերը: Ճանապարհը մեծ մասամբ կանցնի մեր սահմանապահների պատասխանատվության տարածքով», - ասել էր նա:
Նույն օրն էլ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը պնդել էր, որ «Թրամփի ուղու» նախագծում ռուսների հետ նրանց մասնակցության վերաբերյալ քննարկումներ չեն եղել։
Լոգիստիկ հարցերին այսօրվա հանդիպմանը նաև Ռուսաստանի նախագահն է անդրադարձել, բայց դարձյալ առանց կոնկրետությունների. «Մեր վերջին հանդիպման ժամանակ Դուք բարձրացրեցիք տարբեր հարցեր, որոնց վրա կարող ենք համատեղ աշխատել։ Ես նկատի ունեմ հին երթուղիների վերականգնումը և նոր երթուղիների ստեղծումը, որոնք բացում են Հայաստանի սահմանները»։
Հայաստանի վարչապետը նաև հայտարարել է, որ հասունացել է Հայաստանի մի քանի այլ երկաթուղային հատվածների վերաբացման օրակարգը։ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, ասել է, որ խոսքը Իջևանի, Երասխի և Ախուրիկի հատվածների մասին է։
«Եվ, ինչպես մենք քննարկեցինք օգոստոսի 8-ից հետո մեր հեռախոսազրույցում, ձեռք բերված խաղաղությունը նոր հնարավորություններ կբացի Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար։ Եվ սա արդեն տեղի է ունեցել, քանի որ գնացքները արդեն իսկ Ռուսաստանից գալիս են Հայաստան՝ Ադրբեջանով, ինչը, կարծում եմ, պատմական իրադարձություն է։ Եվ ինչպես Դուք արդեն ասացիք, նոր հնարավորություններ են բացվում, և արդեն հասունացել է մեր երկրի մի քանի այլ երկաթուղային հատվածների վերաբացման օրակարգը»,- ասել է Փաշինյանը։
Փաշինյանը շեշտել է, որ երկաթուղու՝ Իջևանի, Երասխի և Ախուրիկի հատվածների վերաբացման վերաբերյալ քաղաքական որոշում դեռ չկա, բայց ըստ նրա՝ «իրավիճակը հասունացել է այն աստիճանի, որ անհրաժեշտ է նախապատրաստական աշխատանքներ իրականացնել»։