Մատչելիության հղումներ

Թրամփը զգուշացրել է Մոսկվային Կիևի հետ պայմանագրից հրաժարվելու հետևանքների մասին


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է՝ եթե Մոսկվան համաձայնության չգա Կիևի հետ, Վաշինգտոնը կարող է այնպիսի քայլեր ձեռնարկել, որոնք «կործանարար կլինեն Ռուսաստանի համար»։

ԱՄՆ-ի առաջարկած հրադադարի ծրագիրը Սաուդյան Արաբիայում մարտի 11-ին Կիևի կողմից հավանության արժանանալուց հետո սա Թրամփի ամենակոշտ հայտարարությունն էր Մոսկվայի հասցեին։

«Ֆինանսական առումով մենք կարող ենք այնպիսի գործողությունների դիմել, որ վատ հետևանքներ կունենան Ռուսաստանի համար, կործանարար կլինեն Ռուսաստանի համար», - նախազգուշացրել է Սպիտակ տան ղեկավարը՝ միևնույն ժամանակ ընդգծելով՝ չի ցանկանում նման միջոցների դիմել, քանի որ խաղաղություն է ուզում։

Թրամփի այս հայտարարությունները հնչել են Իռլանդիայի վարչապետ Մայքլ Մարտինի հետ հանդիպման ժամանակ։ Պատասխանելով հարցին, թե արդյոք նա պատրաստ է ճնշում գործադրել Վլադիմիր Պուտինի վրա, որպեսզի վերջինս համաձայնի Ուկրաինայի հետ զինադադարին, Թրամփն ասել է. «Այո՛, մենք կարող ենք: Բայց ես հուսով եմ, որ դրա անհրաժեշտությունը չի լինի»:

Ջիդդայում մարտի 11-ին տեղի ունեցած բանակցություններից հետո ԱՄՆ-ն ու Ուկրաինան համատեղ հայտարարություն տարածեցին՝ նշելով, որ Ուկրաինան համաձայնել է ընդունել անհապաղ 30-օրյա հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկը և քայլեր ձեռնարկել Ռուսաստանի ներխուժումից հետո կայուն խաղաղության վերականգնման ուղղությամբ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն էլ ասաց, որ «գնդակն այժմ Մոսկվայի դաշտում է»։

Թրամփը նախօրեին տեղեկացրեց, որ ԱՄՆ ներկայացուցիչները մեկնում են Ռուսաստան՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների՝ հույս հայտնելով, որ կհաջողվի զինադադարի համաձայնություն կնքել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG