ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 21-ին աշխատանքից ազատել է ռազմական ղեկավարների կոմիտեի նախագահ Չարլզ Բրաունին։
«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել գեներալ Չարլզ Բրաունին մեր երկրին ավելի քան 40 տարի ծառայելու համար։ Նա ականավոր առաջնորդ է, ես նրան և իր ընտանիքին մեծ ապագա եմ մաղթում»,- Truth-ում գրել է Թրամփը։
Բրաունի պաշտոնանկությունն ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի հայտարարած՝ բանակը բազմազանության, հավասարության և ներառականության (DEI) ծրագրից մաքրելու շրջանակներում է։
«Ցանկացած գեներալ կամ որևէ այլ ոք, որ ներգրավված է եղել դրանում, պետք է հեռանա», - հայտարարել է Հեգսեթը:
Բրաունին այդ պաշտոնին առաջադրել էր Ջո Բայդենը 2023-ին, մինչ այդ նա զբաղեցրել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի ղեկավարի պաշտոնը։
Թրամփը Բրաունի փոխարեն առաջադրել է Դեն Քեյնիի թեկնածությունը, որը պետք է հաստատի Սենատը։
Բրաունից բացի, Թրամփը պաշտոնանկ է արել նաև ԱՄՆ ռազմածովային ուժերի շտաբի պետ Լիզա Ֆրանչետիին և չորս այլ բարձրաստիճան զինվորականների։