ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ փետրվարի 10-ից մտադիր է 25 տոկոս մաքսատուրք սահմանել ԱՄՆ ներմուծվող պողպատի և ալյումինի համար, հայտնում է Reuters-ը։
Բացի այդ, Թրամփը նշել է, որ փետրվարի 11-ին կամ 12-ին կհայտարարի պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին այն պետությունների նկատմամբ, որոնք մաքսատուրքեր են կիրառում ամերիկյան ապրանքների համար։ Նրա խոսքով՝ այդ միջոցները ուժի մեջ կմտնեն գրեթե անմիջապես։
ԱՄՆ պողպատի խոշորագույն մատակարարները Կանադան, Բրազիլիան, Մեքսիկան, Հարավային Կորեան և Վիետնամն են։ Մինչդեռ հիմնական մատակարարը, որ ԱՄՆ արտահանում է առաջնային ալյումին, Կանադան է, որի բաժինը 2024 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին կազմել է ներմուծված ալյումինի ընդհանուր ծավալի գրեթե 80 տոկոսը։ Ալյումինե ջարդոնի և համաձուլվածքների խոշորագույն մատակարարը Մեքսիկան է։
Թրամփի վարչակազմը ավելի վաղ հայտնել էր, որ փետրվարի 4-ից նախատեսում է 25 տոկոս մաքսատուրքեր սահմանել Կանադայից և Մեքսիկայից ներմուծվող ապրանքների, ինչպես նաև 10 տոկոս՝ Չինաստանից ներմուծման համար։ Սակայն այդ ժամկետից անմիջապես առաջ ԱՄՆ-ն, Կանադան և Մեքսիկան պայմանավորվեցին հետաձգել տուրքերի կիրառումը։
Նաև Թրամփը հայտնել էր, որ մտադիր է մաքսատուրքեր սահմանել բոլոր կիսահաղորդիչների և դեղագործական արտադրանքի ներմուծման վրա։ Բացի այդ, Վաշինգտոնը քննարկում է Եվրամիությունից ներմուծվող բոլոր ապրանքների վրա 10 տոկոս մաքսատուրք սահմանելու հնարավորությունը։