ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, եթե վստահ լինի, որ հանդիպումը կհանգեցնի Ուկրաինայում խաղաղության համաձայնագրերի կնքմանը։ «Ես չեմ պատրաստվում ժամանակս վատնել», - ընդգծել է ԱՄՆ նախագահը։
Նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում Թրամփը նաև ասել է, որ հաջորդ շաբաթ Չինաստանի առաջնորդի հետ հանդիպմանը մտադիր է քննարկել Ռուսաստանից նավթի գնումների սահմանափակումը։
Այս շաբաթվա սկզբին ԱՄՆ նախագահը հայտարարեց Բուդապեշտում Ռուսաստանի նախագահի հետ նախատեսված հանդիպման չեղարկման մասին: Նա, սակայն, նշեց, որ հանդիպումը կարող է տեղի ունենալ ապագայում: Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հանդիպումը հետաձգվել է, այլ ոչ թե չեղարկվել:
Միևնույն ժամանակ, Պուտինի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը, որը ժամանել է ԱՄՆ, շարունակում է պնդել, որ հակամարտության դիվանագիտական կարգավորումն ավելի մոտ է: