ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը Ֆլորիդայում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է, որ հնարավոր է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը տեղի ունենա այս ամիս։
Հարցին, թե դեռ ակնկալո՞ւմ է Պուտինի հետ հանդիպել մինչև այս ամսվա վերջ, Թրամփը պատասխանել է․ - «Հավանաբար»:
Ավելի վաղ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, լրագրողների հետ զրույցում, խոսելով Էր Ռիյադում ռուս-ամերիկյան բանակցություններից, ասել էր, որ կողմերը դեռ չեն հստակեցրել Թրամփ-Պուտին գագաթնաժողովի օրը, որտեղ կքննարկվի Ուկրաինայում իրավիճակը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովն էլ, իր հերթին, նշել է, որ ստույգ ամսաթիվը դեռ որոշված չէ, «բայց դժվար թե դա լինի հաջորդ շաբաթ»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեմ չի լինի Ուկրաինա եվրոպական խաղաղապահ զորքեր ուղարկելուն, եթե եվրոպացիները նման որոշում կայացնեն։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն էր հայտարարել, որ ինքը «պատրաստ է և ցանկանում է» բրիտանական զորքեր տեղակայել Ուկրաինայում՝ օգնելու խաղաղ համաձայնագրի իրականացմանը, որը, նրա խոսքով, հնարավորություն կտա դադարեցնելու ռազմական գործողությունները։
Թրամփը փարատեց բանակցություններում տեղ չունենալու Կիևի մտահոգությունները՝ շեշտելով՝ Կիևը կարող էր Ռուսաստանի հետ գործարք կնքել երեք տարի առաջ՝ Մոսկվայի ներխուժումը կանխելու համար:
«Այսօր ես լսեցի՝ «օ, մեզ չեն հրավիրել»: Դուք, երեք տարի այնտեղ էիք, պետք է դադարեցնեիք... չպետք է սկսեիք։ Դուք կարող եք գործարք կնքել», - հայտարարել է ԱՄՆ նախագահը։