ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի պատրաստվում մայիսի 9-ին մեկնել Մոսկվա։
Սպիտակ տանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով հարցին, թե արդյոք պատրաստվո՞ւմ է մայիսի 9-ին Մոսկվայում մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի օրվա տոնակատարությանը, Սպիտակ տան ղեկավարն ասել է․ - «Ոչ-ոչ, ես չեմ պատրաստվում»։
Ավելի վաղ ֆրանսիական Le Point ամսագիրը՝ հղում անելով անանուն աղբյուրների, հայտնել էր, որ Թրամփը ներկա կլինի Մոսկվայում կայանալիք շքերթին, ապա տեղի ունենա Թրամփ-Պուտին հանդիպումը։
«Մայիսի 9-ին, ըստ մեր աղբյուրների, մոսկովյան տրիբունաներում պետք է կարևոր հյուր լինի՝ Դոնալդ Թրամփը», - նշել էր Le Point-ը։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, արձագանքելով հայտարարությունը, ևս ասել է, որ մայիսի 9-ի տոնակատարությունների շրջանակում Թրամփի այցը Մոսկվա դեռևս նախատեսված չէ։
Դոնալդ Թրամփը օրեր առաջ Ֆլորիդայում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտարարել էր, որ հնարավոր է Պուտինի հետ հանդիպումը տեղի ունենա այս ամիս։ Ավելի վաղ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել էր, որ կողմերը դեռ չեն հստակեցրել Թրամփ-Պուտին գագաթնաժողովի օրը, որտեղ կքննարկվի Ուկրաինայում իրավիճակը։