ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ակնարկել է, որ կարող է ողջունել Թեհրանի կառավարությունը տապալելու հնարավորությունը:
Եթե Իրանի գործող ռեժիմը անկարող է կրկին Իրանը մեծ դարձնել, ապա «ինչո՞ւ չպետք է լինի ռեժիմի փոփոխություն», գրել է Թրամփը Truth Social հարթակում։
Թրամփի հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը շեշտել էին, որ հունիսի 21-ի՝ Իրանի միջուկային օբյեկտների դեմ հարվածների նպատակը բանակցված լուծման հասնելն էր, ոչ թե իսլամական ռեժիմի տապալումը։
Հունիսի 22-ին ԱՄՆ իշխանությունները զգուշացրել են Թեհրանին, որ չփորձի պատասխանել այդ ավիահարվածներին, որոնք Թրամփն անվանել է «անհավանական ռազմական հաջողություն», նշելով, որ դրանցով «ոչնչացվել են Իրանի միջուկային ծրագրի առանցքային օբյեկտները»։
Washington-ում տեղակայված Human Rights Activists կազմակերպությունը հայտնել է, որ հունիսի 13-ից ի վեր Իրանում օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 950 մարդ, որոնցից 380-ը՝ քաղաքացիական անձինք։ Իսկ իսրայելական կողմի տվյալներով՝ իրանական հարվածներից զոհվել է 24 մարդ։