Մատչելիության հղումներ

Վարչապետը ելույթ է ունեցել ԵԱՏՄ գագաթնաժողովում, խոսել նաև Ադրբեջանի կողմից Հայաստանի ապաշրջափակման մասին


Լուսանկարը՝ ՀՀ կառավարության լրատվականի
Լուսանկարը՝ ՀՀ կառավարության լրատվականի

Տեղի ունեցող բարենպաստ և կառուցողական փոփոխություններն ավելի լայն տարածաշրջանի բոլոր երկրների համար նոր հնարավորություններ են ստեղծում՝ նպաստելով տնտեսական կայունության ամրապնդմանը և տարածաշրջանային հաղորդակցությունների ընդլայնմանը: Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում իր ելույթում ընդգծելով տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները՝ փոխադարձության, իրավահավասարության, ինքնիշխանության և ազգային իրավազորությունների սկզբունքների հիման վրա:

«Այս առումով, գնահատանքս եմ հայտնում Ադրբեջանի Հանրապետության նախագահին` Ադրբեջանի տարածքով Հայաստան բեռների տարանցումն ապաշրջափակելու, ինչպես նաև երկկողմ առևտրի մեկնարկի համար պայմաններ ստեղծելու որոշման համար։ Սա տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու առաջին նշանակալի նվաճումներից մեկն է», - ՀՀ կառավարության լրատվական վարչության փոխանցմամբ՝ ասել է Փաշինյանը:

«Մենք ներկայումս մշակում ենք եվրասիական տնտեսական ինտեգրման հետագա զարգացման ուղենիշները՝ հենվելով ձեռք բերված արդյունքների վրա։ Եվ այս փուլում կարևոր է ապահովել հստակ տարանջատում վերազգային մեխանիզմների կիրառման ոլորտների և այն բնագավառների միջև, որտեղ ազգային իրավազորություններն ու ինքնիշխան որոշումները պահպանում են առաջնահերթությունը, ինչը կապահովի ինտեգրացիոն գործընթացների կայունությունը», - նշել է Հայաստանի վարչապետը:

«Այս տարին հատկապես նշանակալից էր ԵԱՏՄ-ի միջազգային համագործակցության առումով։ Ընդլայնվում է փոխգործակցությունը հիմնական գործընկերների՝ Իրանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Մոնղոլիայի, Չինաստանի և Հնդկաստանի հետ, միաժամանակ բացվում են նոր շուկաներ, ինչն էլ նպաստում է արտահանման և ներմուծման դիվերսիֆիկացիային և ամրապնդում ԵԱՏՄ-ի դիրքերը համաշխարհային տնտեսությունում։ Այս համատեքստում, իհարկե, ողջունում ենք Ինդոնեզիայի Հանրապետության հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրումը», - ասել է Փաշինյանը:

Վարչապետը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը ԵԱՏՄ շրջանակում փոխշահավետ համագործակցությանը՝ «ի նպաստ մեր տարածաշրջանի տնտեսական կայունության և կայուն զարգացման»:

Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ շրջանակում նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորմանը, ԵԱՏՄ գալիք տարվա բյուջեին, երրորդ երկրների հետ համագործակցությանը վերաբերող հարցեր: Հաստատվել է Զբոսաշրջության զարգացման հայեցակարգը, ասված է պաշտոնական հաղորդագրությունում:


Առավել մանրամասն տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG