ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականները լայնածավալ պատժամիջոցների ռազմավարություն են մշակում՝ դյուրացնելու առաջիկա ամիսներին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև դիվանագիտական ճանապարհով համաձայնագրին հասնելու հնարավորությունը, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով անանուն աղբյուրներին։
Աղբյուրները նշում են, որ Թրամփի թիմը երկու հիմնական մոտեցում է դիտարկում։ Առաջինը՝ նավթի առևտրի հետ կապված երկրորդական պատժամիջոցների խստացում, եթե ապագա վարչակազմը Ռուսաստանի քաղաքականությունն ավելի ագրեսիվ համարի: Այս դեպքում հնարավոր է սահմանափակումներ կիրառվեն եվոպական առաքիչների ու Ասիայից նավթ գնոդների նկատմամբ, այդ թվում՝ Հնդկաստանի և Չինաստանի խոշոր ընկերությունների: Մյուս տարբերակը՝ վճռական քայլերն են Դանիայի և Թուրքիայի նեղուցներով ռուսական նավթ տեղափոխող տանկերների նկատմամբ: Նաև նշվում է, որ ավելի մեղմ, օրինակ, արտադրողների լիցենզիաների երկարաձգման կամ ռուսական նավթի գնի շեմի բարձրացման հնարավորությունն է դիտարկվում, եթե Թրամփի թիմը պատերազմի մոտալուտ հանգուցալուծման ազդակներ տեսնի։
Պատժամիջոցներով ճնշման ռազմավարությունը դեռ քննարկվում է, թե որ տարբերակին է հակված անձամբ Թրամփը, դեռ հստակ չէ։
Դոնալդ Թրամփի կողմից պետքարտուղարի պաշտոնում առաջադրված Մարկո Ռուբիոն, օրեր առաջ Սենատում կայացած լսումներից ժամանակ, պատժամիջոցները համարել էր առանցքային լծակ՝ հակամարտության խաղաղ կարգավորման համար:
Հունվարի 10-ին ԱՄՆ-ը լայնածավալ պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի էներգետիկ ոլորտի նկատմամբ։ Ըստ Bloomberg-ի՝ դրանք ամենավնասաբերն էին Ռուսաստանի հետ նավթի առևտրի ոլորտի համար։