Երեք տարվա ընդմիջումից հետո Ռուսաստանն ու Ուկրաինան վերսկսել են ուղիղ բանակցությունները՝ վերջ դնելու Վլադիմիր Պուտինի սանձազերծած արյունալի պատերազմին:
Ստամբուլի Դոլմաբահչե պալատում մոտ 1.5 ժամ բանակցելուց հետո ռուսական պատվիրակության ղեկավարը հայտարարել է՝ գոհ են արդյունքից և պատրաստ են շարունակել շփումները: Վլադիմիր Մեդինսկին ասել է, որ Ուկրաինան խնդրել է նախագահներ Զելենսկու և Պուտինի միջև ուղիղ բանակցություններ, ինչն ընդունվել է ի գիտություն: Մոսկվան ու Կիևը համաձայնել են առաջիկայում յուրաքանչյուր կողմից 1000 ռազմագերի փոխանակել, նաև պայմանավորվել են, որ կողմերը կներկայացնեն ապագա հնարավոր հրադադարի վերաբերյալ իրենց տեսլականը՝ գրավոր և մանրամասն:
«Այդ տեսլականի ներկայացումից հետո մենք նպատակահարմար ենք համարում, այս մասին նույնպես համաձայնություն ձեռք բերվեց՝ շարունակել մեր բանակցությունները», - նշել է Մեդինսկին:
Ուկրաինական դիվանագիտական աղբյուրը, սակայն, ասել է, որ բանակցությունների ժամանակ ռուսները խոսել են վերջնագրերով, պահանջել, որ հրադադարի դիմաց Ուկրաինան իր զորքը դուրս բերի ռուսական տարածքից:
Հանդիպումից առաջ ուկրաինական պատվիրակության ղեկավար, պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը սոցցանցում գրել էր, որ Ստամբուլ են եկել, որպեսզի կայուն խաղաղության իրական ուղիներ գտնեն:
Ուկրաինայի նախագահն իր հերթին Տիրանայում Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակում հայտարարել է, որ Կիևի համար առաջնահերթությունը անվերապահ հրադադարի ապահովումն է, ինչը հիմք կդառնա խաղաղության համաձայնագրի շուրջ ապագա բանակցությունների համար:
«Եվ եթե այսօր Ստամբուլում գտնվող Ռուսաստանի ներկայացուցիչները չկարողանան նույնիսկ համաձայնել դրան՝ հրադադարին, ապա 100 տոկոսով պարզ կլինի, որ Պուտինը շարունակում է խարխլել դիվանագիտական ջանքերը», - նշել է Զելենսկին:
Ավելի ուշ է Զելենսկին սոցցանցում գրել է, որ Կիևի դիրքորոշումը հայտնի է՝ եթե ռուսները մերժեն լիակատար և անվերապահ հրադադարը, ապա պետք է խիստ պատժամիջոցներ կիրառվեն:
Եվրահանձնաժողովի նախագահն իր հերթին Տիրանայում հայտարարել է, որ ԵՄ-ն աշխատում է պատժամիջոցների նոր փաթեթի վրա, որպեսզի Ռուսաստանին ստիպի դադարեցնել պատերազմը: Ուրսուլա ֆոն դեր Լայենը տեղեկացրել է, որ այս փաթեթը կվերաբերի «Հյուսիսային հոսք-1» և «Հոսք-2» նախագծերին, ռուսական ստվերային նավատորմի ավելի շատ նավերի, նաև Ռուսաստանի ֆինանսական հատվածին:
«Պուտինը խաղաղություն չի ուզում, ուստի մենք պետք է ուժեղացնենք ճնշումը, և այդ պատճառով աշխատում ենք պատժամիջոցների նոր փաթեթի վրա», - ասել է Լայենը:
Ուկրաինայում հրադադար հաստատելու նպատակով Ռուսաստանի վրա ճնշումն ուժեղացնելու կոչ է արել նաև Ֆրանսիայի նախագահը: «Եթե եվրոպացիներն ու ամերիկացիները չուժեղացնեն ճնշումը՝ դրան հասնելու համար, ապա արդյունք չի լինի»,- ասել է Էմանյուել Մակրոնը:
Գերմանիայի կանցլերն էլ այսօրվա բանակցությունները փոքր, սակայն դրական նշան է անվանել: «Մեր ջանքերը հանգեցրին փոքր, բայց այնուամենայնիվ դիվանագիտական հաջողության», - ասել է Ֆրիդրիխ Մերցը:
Թրամփը հայտարարել է՝ ցանկանում է անձամբ և հնարավորինս շուտ հանդիպել Պուտինի հետ
Ստամբուլի հանդիպման ֆոնին ԱՄՆ նախագահն այսօր ասել է, որ ցանկանում է անձամբ և հնարավորինս շուտ հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ և համաձայնություն ձեռք բերել ուկրաինական խնդրի կարգավորման շուրջ: Դոնալդ Թրամփը նշել է, թե վաղուց ժամանակն է, որ դադարեցվի պատերազմը. - «Կարծում եմ՝ ժամանակն է, որ մենք պարզապես անենք դա... Մենք պետք է դա անենք։ Միջին հաշվով ամեն շաբաթ հինգ հազար երիտասարդ է սպանվում»։
Կրեմլի խոսնակն արձագանքել է՝ ասելով, որ Պուտին-Թրամփ հանդիպումը անհրաժեշտ է, սակայն այն պետք է նախապատրաստվի և կոնկրետ արդյունք տա: Դմիտրի Պեսկովը նշել է՝ նման հանդիպումը կարևոր է ռուս-ամերիկյան հարաբերությունների, ուկրաինական խնդրի և միջազգային այլ հարցերի համար:
«Իհարկե, նախագահներ Պուտինի և Թրամփի միջև շփումները չափազանց կարևոր են ուկրաինական կարգավորման համատեքստում։ Մենք, անշուշտ, համաձայն ենք այս թեզի հետ», - նշել է Լավրովը։
Այս ընթացքում ռուսական զինուժը շարունակել է հարվածել ուկրաինական բնակավայրերին: Ռուսական անօդաչուի հարվածից մեկ մարդ սպանվել է Խարկովում, ևս մեկը՝ Խերսոնում: Ռուսական կողմը հայտարարել, որ ևս մեկ բնակավայր է վերցրել Ուկրաինայի արևելքում: Կիևից չեն մեկնաբանել այս լուրը: Կողմերն այսօր նաև զոհված զինծառայողների աճյուններ են փոխանակել. Ուկրաինային է հանձնվել 909, իսկ Ռուսաստանին՝ 34 զինծառայողի աճյուն։