Թուրքիայի արևմտյան Մուղլա նահանգի մոտ միգրանտներ տեղափոխող ռետինե նավակի խորտակման հետևանքով առնվազն 14 մարդ է մահացել։ Նահանգապետի փոխանցմամբ՝ որոնողական-փրկարարական գործողություն է ընթանում հնարավոր ողջ մնացածներին գտնելու համար։
Աղետի մասին լուրը փրկարարներին հայտնել է լողալով մայրցամաք վերադարձած աֆղանցի միգրանտ տղամարդը՝ զգուշացնելով, որ ռետինե նավակում 18 մարդ է եղել։ Փրկարարները գտել են երկրորդ ողջ մնացածին, որին հաջողվել է հասնել Բոդրումի մոտ գտնվող Չելեբի կղզի։
Էգեյան ծովը տարանցիկ երթուղի է հազարավոր միգրանտների համար, որոնք փորձում են Հյուսիսային Աֆրիկայից և Մերձավոր Արևելքից Եվրոպա անցնել, մասնավորապես՝ Թուրքիայից։
Ըստ պաշտոնական թվերի՝ Թուրքիայում անօրինական միգրանտների թիվը գագաթնակետին է հասել 2019 թվականին՝ հասնելով 455 հազար մարդու։ Միգրանտները հիմնականում Աֆղանստանից և Սիրիայից են։
Այս տարվա հոկտեմբերի 16-ի դրությամբ Թուրքիայում ձերբակալվել է ավելի քան 122 հազար միգրանտ։