Սպիտակի քաղաքապետի կողմից քարաձորցի Գագիկ Էմինյանին հայհոյելու, վիրավորանք հասցնելու և ծեծելու փաստով քրեական վարույթ է հարուցվել, դեպքը որակվել է որպես խուլիգանություն: Այս մասին «Ազատությանը» հայտնեցին դատախազությունից:
Ընդամենը 4 օր առաջ Քննչական կոմիտեից ասել էին, որ քրեական վարույթ չհարուցելու որոշում կա՝ գանգատը մասնավոր է, ծեծողն ու ծեծվողը հայտնի են, հետևաբար, Քրեական օրենսգրքի վերջին փոփոխություններով այս դեպքում տուժողը պետք է իր բողոքը դատարան տանի, նախաքննական մարմինն այս դեպքով չի կարող զբաղվել:
Թե ի՞նչ փոխվեց չորս օրում, ինչո՞ւ է դատախազությունը վերացրել նախաքննական մարմնի որոշումն ու հանձնարարել քրեական վարույթ հարուցել, իրավապահ մարմինը չի մեկնաբանում:
Սպիտակ համայնքի կազմում գտնվող Քարաձոր գյուղի բնակիչ 35-ամյա Գագիկ Էմինյանն անցած շաբաթ «Ազատությանը» պատմել էր, որ Սպիտակի քաղաքապետարան էր գնացել իր ջրի խնդրով, բայց այնտեղ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանն իրեն հայհոյանքով, վիրավորանքով ու հարվածներով էր պատասխանել:
Թե ո՞ւր կտանի քրեական վարույթը, արդյոք համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը կպատժվի՞ խուլիգանության, ինչպես օրենքի 297-րդ հոդվածում է նշված, հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելու, անձին ստորացնելու կամ մարդկանց անդորրը հայհոյանքներով ու անպարկեշտ արտահայտություններով հիմնարկի բնականոն աշխատանքը խոչընդոտելու համար, թե՞ քարաձորցի տղամարդը մեղավոր կհամարվի, դեռ հայտնի չէ: Դատախազությունից ասացին՝ մեղադրանք չկա:
Ըստ օրենքի հանցանքը պատժվում է տուգանքով, հանրային աշխատանքով, ազատության սահմանափակմամբ կամ կարճաժամկետ ազատազրկմամբ: