Թուրքիայի իշխանությունները ժամանակավորապես արգելել են հանրային հավաքները Ստամբուլի գլխավոր հրապարակներում, շրջափակել գլխավոր ընդդիմադիր կուսակցության՝ Ժողովրդա-հանրապետականի Ստամբուլի գրասենյակն ու արցունքաբեր գազ կիրառել տարածքում խմբված ցուցարարների դեմ։
Կրքերը թեժացել են դատարանի անցած շաբաթվա վիճահարույց որոշումից հետո, որը կասեցրեց ընդդիմադիր կուսակցության Ստամբուլի գրասենյակի ղեկավարության գործունեությունը՝ 2023-ին համագումարում տեղի ունեցած ենթադրյալ խախտումների պատճառով։ Դատարանը նաև գրասենյակի ժամանակավոր ղեկավար է նշանակել, ինչը ընդդիմադիրները որակում են որպես ապօրինի քաղաքական միջամտություն։
Ներքին գործերի նախարարն անցած գիշեր զգուշացրել է, որ անվտանգության ուժերը պատրաստ են «վճռական» արձագանք տալ ցանկացած անկարգության: «Դատարանի որոշումներն անտեսելը և մարդկանց փողոց դուրս բերելու փորձերը մարտահրավեր են նետում օրենքի գերակայությանը», - գրել է նա X-ում։
Ժողովրդա-հանրապետականը նախագահ Էրդողանի կուսակցության գլխավոր մրցակիցն է, որը անցած տարվա տեղական ընտրություններում հաղթեց մի շարք խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Ստամբուլում։ Մարտին իշխանությունները ձերբակալեցին Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին՝ բորբոքելով բողոքի ալիք, որն ամենազանգվածայինն էր վերջին տասնամյակում։