Մատչելիության հղումներ

«Էթնիկ զտումներ իրականացրած Ադրբեջանը պետք է հաշվետու լիներ». Թունբերգի ակցիան՝ ՄԱԿ-ի գրասենյակի առջև


ՄԱԿ-ի կլիմայական համաժողովը հյուրընկալող Ադրբեջանն էթնիկ զտման է ենթարկել հայերին ու հանցագործություններ է իրականացնում սեփական ժողովրդի հանդեպ, այսօր Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի առջև բողոքի ակցիայի ժամանակ կրկնեց շվեդ բնապահպան Գրետա Թունբերգը, ով բոյկոտում է Բաքվում ընթացող COP29-ը:

Ակցիայի մասնակիցները արյունոտ ձեռքերի հետքեր թողեցին պաստառներին։

«Էթնիկ զտումներ իրականացրած Ադրբեջանը պետք է հաշվետու լիներ, մինչդեռ աշխարհը ոչ միայն լռեց և ոչինչ չասաց այս վայրագությունների մասին, ավելին՝ հարթակ տրամադրեց Ադրբեջանին, որ փորձում է կանաչի, խաղաղության ֆոնի տակ մաքրել մարդու իրավունքների ոտնահարման ծայրահեղ չարաշահումները», - հայտարարեց Թունբերգը։

Կլիմայական արդարությունն ամեն ինչի մասին է և առաջին հերթին մարդու իրավունքների, ընդգծեց 21-ամյա ակտիվիստը և նշեց՝ նավթային երկիրը, որը ծրագրում է ավելացնել հանածո վառելիքի արտադրությունը, միանշանակ չի տեղավորվում այդ արդարության համատեքստում։

«Մենք հորդորում ենք բոլորին բարձրաձայնել այս մասին, Բաքվում աշխատող միջազգային լրագրողներին, իշխանավորներին գնալ հանդիպել հայ գերիների հետ, պահանջել, որ հրատապ ազատ արձակվեն բոլոր քաղաքական բանտարկյալները, ռազմագերիները», - ընդգծեց Հայաստան եկած շվեդ ակտիվիստը:

Գրետա Թունբերգը երեկ Երևանում մասնակցել էր «Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանության վրա» թեմայով համաժողովին, դրանցի առաջ Թբիլիսիում բողոքի ցույցեր էր անցկացրել Ադրբեջանի դեսպանատան առջև՝ նույնաբովանդակ պահանջներով։

Պատասխանելով հարցին՝ պատրա՞ստ է նաև այս նույն տեքստով հանդես գալ մի օր հենց Բաքվում, Թումբերգն ասաց. - «Հնարավոր է, ինձնից կախված չէ։ Բայց ինձ համար մի բան հստակ է՝ այնտեղ գնալով օրինականացվում է ադրբեջանական ագրեսիան»։

Երիտասարդ Թունբերգը հայտնի դարձավ, երբ դեռ 15 տարեկանից բողոքի ակցիաներ սկսեց անցկացնել։ «Դասադուլ հանուն կլիմայի»-ն ակցիաների առաջին շարքն էր, որին միացան հազարավոր այլ երիտասարդներ։ 2019-ին նա Time ամսագրի կողմից ճանաչվեց տարվա մարդ։ Նույն թվականից Թունբերգը կլիմայի հարցով համաժողովներին մասնակցելու հրավերներ է ստանում։

XS
SM
MD
LG