Մատչելիության հղումներ

«Թոշակս քիչըմ սեղմելով կենեմ, վառելիք շատը կուզեմ». Շիրակում բնակչության գրեթե կեսն աղքատ է


84-ամյա Ժենյա Մեժլումյանը միայնակ է ապրում: Վատառողջ է, դժվարությամբ է քայլում: 40 հազար դրամ թոշակը հազիվ հերիքում է ցամաք հացին, երբեմն նաև խանութից պարտքով է հացը վերցնում: Թոշակից խնայել ու մի 2 պարկ փայտ էր գնել, բայց ավելիին արդեն գումարը չի հերիքել. «Թոշակս քիչըմ սեղմելով կենեմ, հաց չեմ ուտե, վառելիք շատը կուզեմ», - ասում է 84-ամա Մեժլումյանը:

«Շիրակ» կենտրոնը շուրջ մեկ ու կես տասնամյակ է մարզի խոցելի ընտանքիներին ամերիկահայ բարերարների աջակցությամբ վառելիք, սնունդ ու հագուստ է տրամադրում: Կենտրոնի ղեկավար Վահան Թումասյանն ասում է՝ իրենցից օգնություն հայցողների թիվն այս տարի ոչ թե պակասել, այլ ավելացել է: Հատկապես ձմռան նախաշեմին ավելի է սրվում իրավիճակը, երբ ծայրը ծայրին հասցնող մարդիկ նաև ջեռուցման խնդրի առաջ են կանգնում: Վառելիքի տրամադրման այս ծրագիրը լավագույն բարոմետրն է աղքատության պատկերը տեսնելու համար, - ասում է Թումասյանը:

«Ընտանիքները տարիների ընթացքում ծերացել են, երիտասարդ ընտանիքների քանակը պակասել է, աշխատող մարդկանց քանակը պակասել է, փոխարենն ավելացել են միայնակ տարեցները, հաշմանդամություն ունեցող ընտանիքները: Դրան գումարած՝ վառելափայտ շուկայում գրեթե չկա, թանկացումներ են, ապրելը թանկացել է ու մարդիկ չեն կարողանում ձմռան վառելիքի խնդիրը լուծել», - ասում է Վահան Թումասյանը, ով ամեն տարվա նման այս ձմեռ էլ շրջում ու վառելիք է հատկացնում դրա կարիքը ունեցողներին:

Ղանդիլյանները տնակում արդեն 6 տարի վարձով են ապրում: Արցախյան պատերազմի մասնակից երկու եղբայրների միակ եկամուտը հաշմանդամության թոշակն ու նպաստն է:

«Հաշմանդամության թոշակ եմ ստանում, 36 հազարն ինչի՞ պետք է հերիքե, վարձի փող, դեղի փող, էսպես կմնաս...»:

Ընտանիքը նույնիսկ չի կարողանում անկողնուն գամված եղբոր համար թթվածնի սարք գնել: Հարցին, թե ինչ արժե սարքը, պատասխանեցին՝ 73 հազար դրամ:

70-ամյա Ռոզա Ավագյանը միայնակ է ապրում տնակում՝ արդեն 37 տարի, ասում է. - «58 հազար ի՞նչը հերիք էնե, դեղի փող, կոմունալի փող, ո՛չ շոր, ո՛չ կոշիկ, ոչ մի բան չի հերիքե»:

Անդրադառնալով վարչապետի՝ կենսաթոշակառուներին ուղղված բիզնեսով զբաղվելու առաջարկին, 70-ամյա Ռոզա Ավագյանն ասաց. «էս տարիքիս ի՞նչ բիզնես, 70 տարեկան կինն ի՞նչ բիզնես, քուր ջան: Ինչ բիզնես էնես, հանելուկ է...»:

Ըստ վիճկոմի՝ Շիրակի մարզում աղքատ է բնակչության գրեթե կեսը՝ 43 տոկոսը

Վահան Թումասյանն ասում է՝ Գյումրիի անապահով ընտանիքներին այս տարի գումարվել են նաև գյուղական համայնքների խոցելի խմբերն ու 2023-ից հետո Արցախից տեղահանված ընտանիքները։ Վիճկոմի վերջին տվյալներով՝ Շիրակի մարզում աղքատ է բնակչության գրեթե կեսը՝ 43 տոկոսը, Շիրակին հաջորդում է Տավուշը՝ շուրջ 40 տոկոսով: Ինչու չի հաղթահարվում աղքատությունը մարզում, տարիներով խոցելի ընտանիքների խնդիրներով զբաղվող Վահան Թումասյանի կարծիքով՝ իշխանության վարած քաղաքականությունը արդյունավետ չէ:

«Ապաշնորհ քաղաքական էլիտա և շատ սոսկալի, շատ վատ վերաբերմունք Շիրակի մարզի Գյումրի քաղաքի հանդեպ: Գյումրեցիները ինչքան հզոր ժողովուրդ են, որ նման իրավճակում դեռ էսքան կան: Մի բան էլ Հայաստանի լավագույն քաղաքն է: Այսինքն՝ ինչ է ստացվում, Հայաստանի լավագույն տուրիստական քաղաքը ամենաաղքատն է», - ասաց Թումասյանը:

Վերջերս ԱԺ ամբիոնից վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Եթե աշխատանքը մարդու բարեկեցությունը չի ապահովում, պետք է վերադառնալ կրթությանը, աշխատանքային հմտությունների զարգացմանը: Եթե դրանից հետո էլի իր աշխատանքն իր բարեկեցությունը չի ապահովում, ինչ է պետք անել, էլի է պետք վերադառնալ կրթությանն ու աշխատանքային հմտությունների զարգացմանը: Սա պետք է լինի մեր քաղաքականությունը աշխատանքի ոլորոտում»:

Վարչապետ Փաշինյանը աղքատության հաղթահարման ճանապարհ է համարում կրթությունն ու աշխատանքը: Բայց նույնիսկ պաշտոնական թվերն են փաստում՝ բուհ ավարտած ավելի քան 100 հազար մարդ Հայաստանում չքավորության մեջ է ապրում: 2024-ի տվյալներով՝ նրանք չեն կարողացել ամսական գոնե 53 հազար դրամ ծախսել, այսինքն՝ հաղթահարել աղքատության միջին շեմը: Պաշտոնական վերջին տվյալներով՝ Հայաստանում աղքատ է բնակչության 21.7 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG