Մատչելիության հղումներ

Տնակից բնակարան՝ 36 տարի անց


34-ամյա Ազատ Այվազյանը տնակում է ծնվել, մեծացել, այնտեղ ընտանիք կազմել ու երեխաներ ունեցել։ Երկրորդ որդին օրերս է ծնվել՝ իր հետ բերելով բնակարան ստանալու երկար սպասված լուրը։

Տնակից հետո 7 հոգանոց ընտանիքը 3 սենյականոց կահավորված բնակարանում կապրի։ Ազատը հատկապես իր 2 երեխաների համար է ուրախ, որ իր պես տնակում չեն մեծանա։

Պետությունն ընտանիքին ժամանակին բնակարանի գնման վկայագիր է հատկացրել, բայց այդ գումարով տուն չեն կարողացել գնել ու շարունակել են ապրել տնակում։ Քաղաքապետարանում մեկ սենյականոց բնակարանի փոխհատուցման հերթացուցակում էին։ Թե ինչպես էին 7 հոգով մեկ սենյակում բնակվելու, չէին պատկերացնում, ուստի դիմել էին հիմնադրամին։

Այս շենքում բնակարան ստացած Վարդանյաններն էլ արդեն 35 տարի տնակում էին ապրում։ Յոթ հոգանոց ընտանիքը ևս երեք սենյականոց է ստացել։

Հատկապես տան փոքրերն են ուրախացել, որ իրենք իրեն սենյակները կունենան։ 12-ամյա Սամվելի ծննդյան օրն են բնակարան ստանալու լուրը հիմնադրամի ներկայացուցիչները հայտնել։

Տնակում ապրելը դժվար է, ասում է տիկին Անահիտը, երբ դժվարություններին ձմռանը գումարվում է վառելիքի անլուծելի խնդիրը։ Հիմա իրերն են դասավորում, որ օր առաջ նոր տուն տեղափոխվեն։ Փոքրերն էլ իրենց գրադարանն են տեղափոխելու:

Հայաստան համահայկական հիմնադրամը շենքերը կառուցել է ամերիկահայ բարերարների հանգանակած հինգ միլիոն դոլարով։ Շահառու ընտանիքներից 6-ը 44-օրյա պատերազմում հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների ընտանիքներն, 2-ը՝ զոհված զինծառայողների, մնացածը տնակում բնակված ու փոխհատուցում չստացած ընտանիքներն են։ Բնակարանները բնակիչներին սեփականության իրավունքով չեն տրամադրվում։ Հիմնադրամի ծրագրերի բաժնի ղեկավար Զարուհի Ազնաուրյանն ասում է՝ բնակիչները տասը տարի բնակարանը վաճառելու կամ վարձով տալու իրավունք չեն ունենա։

«Եթե հանկարծ վարձով տրված լինի, բնակության հաստատում չլինի կամ ինչ-որ մի խնդիր առաջանա, ընտանիքը զրկվում է բնակարանից, բնակարանը տրամադրվում է մեկ այլ ընտանիքի, իսկ եթե ամեն ինչ նորմալ է ընթանում, ոչ մի խախտում չի գրանցվում, 10 տարի անց դա դառնում է նրանց սեփականությունը, ստանում են սեփականության վկայական», - ասաց Ազնաուրյանը:

88-ի ավերիչ երկրաշարժից 36 տարի անց Գյումրիում դեռ տնակում ապրող 2400 ընտանիք կա։ Կառավարությունը մինչև 2027 թվականը վերջնաժամկետ է սահմանել Գյումրին տնակներից ազատելու համար, իսկ փոխհատուցում կստանան այն ընտանիքները, որոնք երկրաշարժին բնակարան են կորցրել ու տարբեր պատճառներով չեն փոխհատուցվել։ Մնացած ընտանիքներն իրենք պետք է իրենց գլխի ճարը տեսնեն։

XS
SM
MD
LG