Կառավարությունն առաջարկում է դպրոցականների շրջանում թմրամիջոցների գործածման կամավոր թեստավորման մեխանիզմ ներդնել։ Թմրամիջոցների գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարության նախագծի համաձայն, այդ մեխանիզմը թույլ կտա պարբերական ստուգումների միջոցով անչափահասների շրջանում առավել վաղ փուլերում հայտնաբերել նման դեպքերը։
Հայաստանում տարեցտարի աճում է թե՛ թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների և թե՛ թմրանյութեր գործածող անձանց թիվը։ Պաշտոնական տվյալներով՝ եթե 2018-ին գրանցվել էր 877 դեպք, ապա 2023-ին այդ հանցագործությունների թիվը հնգապատկվել է՝ անցնելով 5000-ից։
«Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի» 2023-ի տվյալների համաձայն, Հայաստանում հաշվառված է թմրանյութեր օգտագործող մոտ 8000 անձ, որոնցից 13-ը 18 տարեկան են, 7-ը՝ անչափահասներ։ Թե հաշվառվածներից բացի, Հայաստանում թմրանյութ օգտագործողների իրական թիվը որքան է կազմում, դժվար է ասել։ Նման հստակ վիճակագրական տվյալներ պարզապես չկան։
Թմրանյութերի դեմ պայքարն, ըստ ռազմավարության, սկսվելու է դպրոցից, ավարտվելու է Պաշտպանության նախարարությամբ»
«Թմրանյութերի դեմ պայքարն, ըստ ռազմավարության, սկսվելու է դպրոցից, ավարտվելու Ներքին գործերի, Պաշտպանության նախարարությամբ», - նշեց Պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը:
Թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարության նախագիծը երեկ քննարկվում էր խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողովի փակ նիստում՝ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի մասնակցությամբ։ Հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանն «Ազատության» հետ զրույցում վստահեցրեց, թե առաջին անգամ շատ բովանդակային և ներառական ռազմավարություն է մշակվել, որը վերաբերում է բոլոր գերատեսչություններին՝ հանրակրթական հաստատություններին, մաքսային ծառայություններին, նաև Պաշտպանության նախարարությանը. թմրանյութերը նաև բանակում են տարածվել:
«Իհարկե, բանակ էլ է մտել, և չպետք է թաքցնենք, ինչը ևս մտահոգիչ է։ Ինչո՞ւ է բանակ էլ մտել, էն, ինչը կա հասարակությունում, բանակը դրա հայելին է՝ ավելի խտացված պատկերով», - ասաց նա:
Կառավարության մշակած նախագծով առաջարկվում է սահմանել զորակոչիկների, ռազմաուսումնական հաստատություններ ընդունվողների, ինչպես նաև զինծառայողների կողմից թմրամիջոցների գործածումը կանխարգելելու մեխանիզմներ՝ ՄԱԿ-ի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջազգային չափանիշներին համապատասխան։
Առայժմ չհաստատված նախագծով՝ նման մեխանիզմները կարող են ներառել թմրամիջոցների գործածման պարբերական ստուգումներ անցնելու հնարավորություն կամ պարտականություն։ Դա, ըստ կառավարության մշակած փաստաթղթի, հնարավորություն կտա առավել համակարգված կերպով բացահայտել բանակում թմրամիջոցների գործածման դեպքերը և ժամանակին արձագանքել դրանց։ Այն նաև կանխարգելիչ նշանակություն կունենա այն զինծառայողների դեպքում, որոնք դեռևս թմրամիջոցներից կախվածություն չունեն։
Սուրեն Նազինյանը պնդում է՝ դպրոցականների շրջանում թեստավորում անցկացնելն արդյունավետ գործիք չէ
Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանն ընդգծեց. - «Ես կարծում եմ՝ զորակոչիկների դեպքում ճիշտ կլինի, եթե արվի, ի տարբերություն դպրոցների, որովհետև դա կլինի Պաշտպանության նախարարությունը, թե ուժային մյուս կառույցները, ծառայության դեպքում շատ կարևոր է մարդու սթափ վիճակը»:
Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրենը համաձայն է՝ ուժային կառույցներում թմրամիջոցների գործածման թեստավորման պարտադիր պայմանին։ Նազինյանի խոսքով՝ արդյունավետ փորձ ունեն այդ առումով, Ներքին գործերի նախարարությունն իր աշխատակիցներին ատեստավորելուց առաջ ուղեգրում է թմրամիջոցների հետազոտության։
Ի տարբերություն ուժային կառույցների, կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրենը պնդում է, որ դպրոցականների շրջանում թեստավորում անցկացնելն արդյունավետ գործիք չէ, քանի որ թեստ հանձնած երեխան կարող է պիտակավորվել և խտրական վերաբերմունքի արժանանալ։
Մասնագետի համոզմամբ՝ եթե երեխան թմրամիջոց է օգատգործում, ապա նրա վարքը կտրուկ փոփոխվում է՝ ծիծաղկոտություն է առաջանում, դեպրեսիա, քնի խանգարում, երեխան մեկուսանում է, ինչը չի կարող աննկատ մնալ ծնողից կամ ուսուցչից։ Հետևաբար թեստավորման փոխարեն, Սուրեն Նազինյաննը կարծում է, որ պետք է երեխաներին կրթել ու թմրամիջոցների վտանգների մասին տեղեկացվածությունը բարձրացնել։
Ի դեպ, թմրամիջոցների դեմ պայքարի ռազմավարության նախագծում խոսվում է նաև պաշտոնյաների և հանրային ծառայողների շրջանում պարտադիր թեստավորում իրականացնելու հնարավորության մասին։ Ըստ նախագծի՝ նման պարտականություն կարող է նախատեսվել միայն հանրային ծառայության այն տեսակների համար, որոնց դեպքում թմրամիջոցների գործածումը հատկապես մեծ ռիսկեր է ենթադրում, օրինակ, ոստիկանությունում, դատախազությունում, քննչական մարմիններում պաշտոն զբաղեցնող անձանց համար։
Ավելի քան 1.5 տարի առաջ՝ Հայաստան անարգել կերպով ներմուծվեց 1 տոննա կոկաին և բանանի անվան տակ հասավ «Մրգենի» ընկերության պահեստ։ Ինչո՞ւ 250 միլիոն դոլար արժողությամբ կոկաինը պետական մարմինները չկարողացան հայտնաբերել, և թմրանյութը Ազգային անվտանգության ծառայությանը հանձնեցին հետախուզվող գործարար, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի աշխատակիցները։ Մեկ տոննա կոկաինի գործով առայսօր որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել։