Մատչելիության հղումներ

Կիրանցի բնակիչները ճանապարհ են փակել, պահանջում են իշխանության ներկայացուցիչներին ու ՄԻՊ-ին


Մոտ 2-3 ժամ առաջ Կիրանցի բնակիչները հայտարարեցին, որ բողոքի ակցիաներ են սկսում և փակել են գյուղ մտնող հենց այն հատվածը, որ անցած ամիս շաբաթներ շարունակ փակ մնաց։ Այստեղ հիմա մեծ ավտոշարասյուն է, կուտակումներ կան։

Բնակիչները հիասթափված են Երևանի ու Բաքվի երեկվա համաձայնությունից:

Այնուհետև այստեղ եկան նաև ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորներ, հոգևորականներ։

Ճանապարհը փակած քաղաքացիները պահանջում են, որ այնտեղ գնան իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչներ և սահմանազատման պատասխանատուներ, որոնք, ըստ նրանց, դեռ ամիսներ առաջ հավաստիացրել են, որ սահմանազատման գործընթացը տեղի կունենա հօգուտ գյուղացիների, հօգուտ կիրանցեցիների, բայց երեկվա ստորագրված արձանագրությունը իրենց համար հուսադրող չէ։ Նշում են, որ այն 3 զգայուն կետերում, որի մասին անցած շաբաթ խոսում էր վարչապետը, սյուները տեղադրվել են ոչ հոգուտ գյուղացիների։

«Սրանից 10-15 օր առաջ մեր պարոն մարզպետն ասել է, որ դուք հող չունեք կորցնելու, ոչ մի միլիմետր չի անցնելու, պարզվում է, որ անցել է։ Հիմա մենք իրեն ենք պահանջում ու ՄԻՊ-ին, թող գան, թող մարզպետն ասի, թե խի է սենց եղել», - ասաց տեղացիներից մեկը, մյուսը հավելեց. «Մեր ժողովուրդը պահանջում է էս սահմանագծում անողներին, որ գա, իրական ձևով մեզ բացատրի՝ ինչու է այդպես»։

Նշում են, որ չեն բացելու ճանապարհն այնքան ժամանակ, մինչև այստեղ կգան Մարդու իրավունքների պաշտպանը և իշխանավորներ։

Սահմանազատման արդյունքում ճանապարհ ու մասնավոր տներ կորցնող Կիրանցում առավոտյան մերժեցին մարզկենտրոն Իջևանում փոքր թվով գյուղացիների հետ հանդիպելու կառավարության առաջարկը։ Հրաժարվեցին նաև Տավուշի մարզպետի գյուղի դահլիճում փակ քննարկումների առաջարկից։ Ասացին՝ թող պաշտոնյաները գան Կիրանց ու լրատվամիջոցների ներկայությամբ ասեն իրենց ասելիքը։

XS
SM
MD
LG