Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «հրաման չի տվել սկսելու նախապատրաստական աշխատանքները» միջուկային փորձարկումների համար։ Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանը ստիպված կլինի անցկացնել նման փորձարկումներ, եթե Միացյալ Նահանգներն անցկացնի դրանք:
Կրեմլի խոսնակը հայտարարել է. «Նախ, մենք պետք է հասկանանք, թե արդյոք անհրաժեշտ է դա անել: Սա պետք է լինի շատ լուրջ, հիմնավորված և կշռադատված որոշում: Ահա թե ինչի վրա են հիմա աշխատելու մեր մասնագետները»:
Օրեր առաջ Ռուսաստանի նախագահն Անվտանգության խորհրդի նիստին հանձնարարել էր լրացուցիչ տեղեկություններ հավաքել ԱՄՆ միջուկային փորձարկումների ծրագրերի մասին և առաջարկներ ներկայացնել Ռուսաստանի կողմից «միջուկային զենքի փորձարկումների նախապատրաստական աշխատանքների հնարավոր մեկնարկի վերաբերյալ»։
Նիստից առաջ ԱՄՆ տիեզերական ուժերի հրամանատարությունը հայտարարել էր, որ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է փորձարկել, որը կարող է միջուկային մարտագլխիկ կրել: Բայց հոկտեմբերի վերջին հենց Պուտինն էր հայտարարել էր միջուկային շարժիչով աշխատող «Պոսեյդոն» ստորջրյա սարքի և անսահմանափակ հեռահարության «Բուրեվեստնիկ» հրթիռի հաջող փորձարկման մասին, ինչից հետո Թրամփը Պենտագոնին հանձրարարեց վերսկսել միջուկային փորձարկումները:
Պուտինը հանձնարարականը տվել է ի պատասխան պաշտպանության նախարարի առաջարկի, որ պետք է անհապաղ լայնածավալ միջուկային փորձարկումների նախապատրաստվել:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ մի շարք երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը և Չինաստանը, իրականացրել են ստորգետնյա միջուկային փորձարկումներ, և որ Միացյալ Նահանգները կհետևի նրանց օրինակին։ Չինաստանի արտգործնախարարությունը հերքել էր լուրը:
Կրեմլի խոսնակը նշել է, որ Մոսկվան դեռ չի հասկանում, թե ինչ նկատի ուներ ԱՄՆ նախագահը, երբ ասաց, որ այլ երկրներ միջուկային փորձարկումներ են անցկացնում. «Մենք հաստատ գիտենք, որ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ Չինաստանը միջուկային զենք չեն փորձարկում», - հայտարարել է Պեսկովը։