Թեհրանը «կեղծ» է որակում ավստրիական հետախուզության զեկույցը, որի համաձայն Իրանը ձգտում է ատոմային զենք ձեռք բերել: Այս մասին Իրանի իշխանությունները հայտարարել են Իրանում Ավստրիայի գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ հանդիպմանը։
Իրանի միջուկային ծրագրի շուրջ Թեհրանի և Վաշինգտնի միջև բանակցությունների ֆոնին Ավստրիայի ներքին գործերի հետախուզական ծառայությունը զեկույց է հրապարակել՝ դրանում պնդելով, որ Իրանի «միջուկային զենքի մշակման ծրագիրը լավ զարգացած է»։
Իրանը կտրականապես հերքում է վերջին տարիներին հնչող այդ պնդումները՝ հայտարարելով, որ միջուկային ծրագիրը զարգացնում է բացառապես քաղաքացիական նպատակներով։
ՄԱԿ-ի տվյալներով, սակայն, Իրանը աշխարհում միակ երկիրն է, որը ուրանի հարստացումը հասցրել է 60 տոկոս-ի։
Ուրբաթ օրը Իրանի արտգործնախարարությունը դատապարտել է ավստրիական զեկույցը և բացատրություն պահանջել պաշտոնական Վիեննայից։ Ժամեր անց դիվանագիտական գերատեսչություն է կանչվել Թեհրանում Ավստրիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Միխաելա Պախերին՝ «Իրանի խիստ բողոքը փոխանցելու» նպատակով, հայտնում է IRNA պետական գործակալությունը։