Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնած «Կրթվելը նորաձև է» շարժումն այսօր Վանաձորում էր: Մշակույթի պալատի ավելի քան 500 տեղերը զբաղված էին:
Այս հանդիպումներից առաջ նախապես բոլորը ստուգվում են մետաղաորսիչ սարքով, հանձնում բոլոր տեսանկարահանող սարքերն ու նաև հեռախոսները: Իսկ տեսանյութերի պատառիկները՝ հիմնականում առանց բովանդակային մանրամասների, տարածում են բացառապես վարչապետն ու իր կինը:
Դրսում ու ներսում «Ազատության» հարցումներից պարզ դարձավ, որ մասնակիցների մեծ մասը կրթության ոլորտի աշխատակիցներ են, բայց բոլոր հարցվածներն էլ նշում էին, որ իրենց կամքով են եկել, պարտադրանք չի եղել:
«Ազատության» թղթակիցը նախապես հայտ էր լրացրել և այսօր հնարավորություն ուներ որպես մասնակից ներկա լինել հանդիպմանը ու հարցեր ուղղել իշխանական զույգին:
Նախապես հայտարարվեց, որ դահլիճում միայն 5 հարցի հնարավորություն կտրվի: «Ազատությունը» հարցրեց վերջին շրջանում վարչապետի և նրա տիկնոջ վիրավորական գրառումների մասին: Մասնավորապես, այն, որ այդ վիրավորական գրառումների ու դրանց արձագանքների հորձանուտում Հայաստանում ատելության խոսքը գագաթնակետին է հասել, արդյո՞ք համադրելի են իրենց կրթարշավն ու անգամ սեռական բնույթի հայհոյանքներ պարունակող գրառումները:
Աննա Հակոբյանն ասաց, որ անցած 7 տարիներին հանդուրժել են ծայրահեղության հասնող վիրավորանքներն իրենց ընտանիքի, անգամ մանկահասակ երեխաների հասցեին: Փորձել են տարբեր միջոցներ դրանց հակադարձելու, այժմ հայհոյանքով հայհոյանքին պատասխանելու տարբերակն են փորձում:
«Այո՛, սա էլ կրթելու ձև է: Իջել ենք իրենց մակարդակի, որպեսզի այդտեղից կարողանանք բարձրացնել այդ մարդկանց», - իր գրառումներն այսպես արդարացրեց վարչապետի կինը:
Այս թեմայով մի քանի այլ հարցեր այդպես էլ անպատասխան մնացին:
«Ազատությունը» նաև հարցրեց՝ ինչո՞ւ հոգևորականներին ծանր հանցանքների՝ մասնավորապես, մանկապղծության մեջ մեղադրող Աննա Հակոբյանը չի գնում իրավական ճանապարհով, այլ ընտրում է այդ մասին ընդամենը ֆեյսբուքյան գրառում անելու տարբերակը: Կամ վարչապետի երեկվա գրառումը, թե «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես», հատկապես հոգևորականներից ո՞ւմ էր վերաբերվում: Ո՞ւմ են պատրաստվում կարգալույծ անել ու ի՞նչ տարբերակով:
Այսօր վարչապետը միայն կրկնեց ավելի վաղ արած հայտարարությունը կուսակրոնությունը խախտած հոգևորականներին կարգալույծ անելու մասին:
«Այ կտեսնեք, հասնելու ենք նրան, որ հոգևորական աստիճանից կզրկվեն կուսակրոնությունը խախտած բոլոր հոգևորականները», - պնդեց երկրի ղեկավարը, որ Սահմանադրությամբ որևէ ազդեցություն չի կարող ունենալ եկեղեցու վրա:
Մանրամասները տեսանյութում.