«Ադրբեջանական երկաթուղիներ» ընկերության նախագահ Ռովշան Ռուստամովը Իրանում բանակցել է Իրանի երկաթուղային ադմինիստրացիայի ղեկավար Ջաբար Ալի Սարդրուդի հետ։
Ըստ ադրբեջանական կողմի՝ քննարկվել են Իրանի տարածքով Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանին կապող տրանսպորտային երթուղին կառուցելու, ինչպես նաև Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքով բեռնափոխադրումների ծավալներն ավելացնելու հարցերը։
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն նախօրեին հայտարարել է, որ Ադրբեջանի արևելյան շրջաններից դեպի Նախիջևան տրանսպորտային միջանցքը կարող է անցնել ինչպես Իրանի, այնպես էլ Հայաստանի տարածքով՝ նշելով՝ առաջին դեպքում խոսքը 61 կմ երթուղու մասին է, երկրորդ դեպքում՝ մոտ 43 կիլոմետրի։
«Այսպես թե այնպես, մենք այս նախագիծն իրականացնում ենք Ադրբեջանի հետ միասին։ Որոշակի խնդիրներ կան, բայց դրանք կարող են լուծվել առաջիկայում։ Ժամանակի հարց է», - ասել է Ուրալօղլուն։