Մատչելիության հղումներ

Տեղեկություն Բարեկամավանի սահմանագոտում սակրավորի վիրավորվելու մասին. ՊՆ-ը չի հաստատում, բայց չի էլ հերքում


Տավուշի մարզի սահմանամերձ Բարեկամավան գյուղը, արխիվ
Տավուշի մարզի սահմանամերձ Բարեկամավան գյուղը, արխիվ

Պաշտպանության նախարարությունն այդպես էլ չի հաստատում, որ հայ - ադրբեջանական սահմանին սակրավոր է վիրավորվել, բայց պաշտպանական գերատեսչությունից նաև չեն հերքում լուրերն ու հրաժարվում են մեկնաբանել:

Երկու օր առաջ էր տեղեկություն տարածվել, որ Նոյեմբերյանի սահմանագոտում ականի պայթյունից վիրավորվել է սակրավորների ստորաբաժանման զինծառայողներից մեկը, ու որ նրա ոտնաթաթը պոկվել է։

Պաշտպանության նախարարության խոսնակն այսօր «Ազատությանն» ասաց, թե «նախարարությունն ունի իր տեղեկատվական քաղաքականությունը և սոցիալական ցանցի որևէ գրառման կամ հրապարակման արձագանքում է ըստ նպատակահարմարության ու անհրաժեշտության»: Թե ինչու այս դեպքում նպատակահարմար չեն համարում արձագանքել, գերատեսչության խոսնակը չմեկնաբանեց: Ասաց՝ «հավելելու բան չունեն»:

Տեղի բնակիչներից հրաժարվեցին խոսել, ասացին՝ տեղեկություններ չունեն: Պայթյունի ձայներ չեն լսել, սակրավորների չեն տեսել:

Մինչդեռ նոյեմբերյանցի լրագրող Ոսկան Սարգսյանն «Ազատությանն» ասաց՝ սահմանին սակրավորի վիրավորվելու մասին առաջին լուրերը տեղի ակտիվիստներից են հասել: Հետո արդեն ավելի հավաստի աղբյուրներից է տեղեկություններ ստացել:

«Ես աղբյուրը չեմ կարող նշել, որը իսկապես իրազեկ աղբյուր է, հայտնեց, որ դեպքը տեղի է ունեցել հունվարի 24-ի երեկոյան Բարեկամավան գյուղի սահմանագոտում, վիրավորը Էջմիածնի սակրավորների ստորաբաժանման զիծառայող է, որի ոտնաթաթը պոկվել է», - փոխանցեց Սարգսյանը:

Սակրավորների վիրավորման դեպքերում Պաշտպանության նախարարությունը սովորաբար հաղորդում է: Պարզ չէ՝ ինչու են այս դեպքում լռում: Տեղացի լրագրողը կասկածներ ունի, որ այդ հատվածում ականազերծման աշխատանքներ են կատարվելիս եղել: Թե ականազերծման ինչ որոշում է եղել, այդ մասին էլ որևէ բան հայտնի չէ:

«Սահմանին էս պահին հարաբերական անդորր է, լարվածություն չկա, ինչո՞ւ պետք է ականի վրա պայթեր: Ընդ որում, հատկանշական է, որ սովորական զինծառայող չի վիրավորվել, այսինքն՝ Նոյեմբերյանի զորամասի զինծառայող, սահման հսկող զինծառայող չի պատահաբար մտել ականապատ դաշտ, այլ սակրավորների ստորաբաժանման: Այսինքն, ես փաստեր կոնկրետ չունեմ, բայց ես կարծում եմ, որ սակրավորների ստորաբաժանման զինծառայողը այնտեղ աշխատանքներ է իրականացրել», - ասաց Ոսկան Սարգսյանը:

Տասն օր առաջ Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովները որոշեցին պետական սահմանի սահմանազատումն իրականացնել հյուսիսային հատվածից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից, այնուհետև շարունակել սահմանազատումը հարավային ուղղությամբ։ Այս դեպքում սահմանազատման գիծը կանցնի Բերդավան, Դովեղ, Բարեկամավան գյուղերով ու կհատվի արդեն իսկ առաջին փուլով սահմանազատված հատվածներին՝ Ոսկեպար ու Կիրանց գյուղերի տարածքում: Դրանից հետո այլ մանրամասներ չեն հաղորդվել:

Հայտնի չէ նաև, թե կոնկրետ երբ են պաշտոնապես սկսվելու սահմանազատման աշխատանքները: Արդյոք կատարվող ենթադրյալ ականազերծումը կապված է առաջիկա սահմանազատման հետ, թե՝ ոչ, դա էլ պարզ չէ:

Անցած շաբաթ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որ գլխավորում է Հայաստանի սահմանազատման հանձնաժողովը, խորհրդարանում այդպես էլ չպատասխանեց ընդդիմադիրների հարցին՝ արդյոք Տավուշի մարզում առաջիկայում իրականացվելիք սահմանազատման արդյունքում Հայաստան- Վրաստան միջպետական ճանապարհն անցնելու է Ադրբեջանի վերահսկողության տակ։

Սահմանամերձ գյուղերի բնակիչները մտահոգված են՝ արդյոք սահմանազատումով կվերադարձվեն դեռ 90-ականներին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հազարավոր հեկտար այգիներն ու վարելահողերը: Անցած տարի սահմանազատված հատվածներում Ադրբեջանին չորս գյուղ վերադարձվեց՝ առանց հայկական կողմի կորուստները քննարկելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG