Մատչելիության հղումներ

Թբիլիսիում կրկին բողոքի ցույց է


Թբիլիսիի կենտրոնում շարունակվում է հոկտեմբերի 26-ին կայացած ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ցույցը։

Իրավիճակը ժամանակ առ ժամանակ լարվում է, ցուցարարները մոտենում են ոստիկանությանն ու նրանց անվանում «ռուսական ոստիկաններ», ոչ թե վրացական։ Նրանք բացականչում են «Վրաստան, Վրաստան», «Վերադարձրեք մեր ձայնը»։

Ցուցարարներն իրենց դժգոհությունն են հայտնում նաև ոստիկանության այսօրվա գործողություններից։ Լուսադեմին նրանք բռնի ուժով հեռացրին ցուցարարներին Թբիլիսիի պետական համալսարանի առաջին մասնաշենքի հարակից տարածքից։ Այստեղ էին ընտրությունների արդյունքները չընդունող քաղաքացիները վրաններ տեղադրել, նստացույց անում նոյեմբերի 17-ից՝ պահանջելով նոր ընտրություններ։

Վրացական ընդդիմության առաջնորդներն ու նրանց համախոհները երեկոյան Մելիքիշվիլի փողոցից քայլեցին դեպի Թբիլիսիի պետական համալսարան։

«Մենք հետքայլ չենք անելու։ Մենք դիմադրության շարժում ենք հայտարարել, և այս շարժումը միայն առաջ է գնալու»,- հանրահավաքի մասնակիցներին դիմեց «Հանուն փոփոխությունների» կոալիցիայի առաջնորդներից Ելենա Խոշտարիան։

Քաղաքի մի քանի գլխավոր փողոցներ դեռ փակ են։

Հայտնի չէ՝ ընդդիմությունը կրկին կփորձի վրաններ տեղադրել, թե ոչ։

Առավոտյան հաղորդվում էր տասնյակ բերման ենթարկվածների մասին։ Նրանց մի մասն ստորագրությամբ ազատ է արձակվել։

ԿԸՀ-ն նոյեմբերի 16-ին հաստատել է խորհրդարանական ընտրությունների ամփոփիչ արձանագրությունը։ Հայտարարված թվերը հաստատել են նախնական արդյունքները, որոնց համաձայն՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մնում է իշխանության ղեկին չորրորդ ժամկետն անընդմեջ։

Պատգամավորական մանդատ ստացած չորս ընդդիմադիր ուժերից ոչ մեկը համաձայն չէ հայտարարված արդյունքների հետ։ Ընդդիմությունը պահանջում է հոկտեմբերի 26-ի ընտրությունների նոր քվեարկություն և խախտումների միջազգային հետաքննություն՝ անվստահություն հայտնելով քննչական մարմիններին և դատական համակարգին։

Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր դիմել է երկրի Սահմանադրական դատարան՝ ընտրությունների արդյունքները չեղարկելու հայցով։

Թբիլիսիում կրկին բողոքի ցույց է
please wait

No media source currently available

0:00 0:00:38 0:00

XS
SM
MD
LG