Վրացական ընդդիմության կողմնակիցներն անցած գիշերն անցկացրեցին վրաններում՝ Թբիլիսիի պետական համալսարանի հարևանությամբ։ Քաղաքի գլխավոր տրանսպորտային ուղիներից մեկի՝ Ճավճավաձեի պողոտայի արգելափակման մասին կիրակի երեկոյան հայտարարեց հոկտեմբերի 26-ի ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած ուժի՝ «Փոփոխությունների դաշինքի» առաջնորդ Նիկա Գվարամիան։
«Ընդդիմության բողոքի ակցիաները մեկնարկում են Թբիլիսիի պետական համալսարանի մոտից։ Զբոսանքների և անիմաստ աղմուկի ժամանակն անցել է։ Այն ուժերը, որոնք հայտարարում են, որ Վրաստանը գնում է դեպի Եվրոպա, որոշել են ստանձնել պատասխանատվությունը։ Մենք 24 ժամով արգելափակում ենք այստեղով անցնող փողոցները և կոչ ենք անում Թբիլիսիի բնակիչներին միանալ մեզ», - հայտարարում էր Գվարամիան։
Կիրակի երեկոյան, ակցիայի հետևանքով գոյացած հսկայական խցանման մեջ հայտնված վարորդները, սակայն, ընդդիմությանը միանալու մեծ ցանկություն չունեին։ Վարորդներից շատերը պարզապես դուրս եկան մեքենաներից և սկսեցին վիճել ընդդիմության առաջնորդների հետ։
Վրացական իշխանությունների համոզմամբ՝ նման գործողություններով ընդդիմությունը միայն իրեն է վնասում։ Այդ մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ընդդիմադիրներին համեմատելով նախորդ դարասկզբի վրաց բոլշևիկների հետ։
«Մենք բոլորս լավ ենք հիշում, թե ինչպես էր Սերգո Օրջոնիկիձեն դիմում Մոսկվա՝ օգնության խնդրանքով։ Այսօր արդեն հավաքական Սերգո Օրջոնիկիձեն ոչ թե Մոսկվա է դիմում, այլ՝ Բրյուսել։ Այսօր չորս ընդդիմադիր կուսակցությունները կոնկրետ պահանջով դիմել են Եվրամիության ղեկավարությանը՝ կոչ անելով Բրյուսելին դադարեցնել Վրաստանի եվրաինտեգրման գործընթացը, սառեցնել մեր երկրին 120 միլիոնի սպասվող աջակցությունն ու այդ գումարներն ուղղել մեր երկրում աշխատող գործակալների դիրքերի ուժեղացմանը։ Այս քայլը նաև դրական կողմ ունի, քանի որ արմատական ընդդիմության օգտին քվեարկած 785 հազար քաղաքացիները ի վերջո կվերանայեն իրենց ընտրությունը, երբ տեսնեն ընդդիմադիրների իրական դեմքը», - հայտարարում էր Կոբախիձեն։
Բրյուսելում, այդուհանդերձ, հակված են լսել վրացական ընդդիմության ներկայացուցիչներին։ Դա պարզ դարձավ ԵՄ ԱԳ նախարարների այսօր մեկնարկած հավաքից առաջ դաշինքի արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերի պատասխանատու Ժոզեպ Բորելի հայտարարություններից։
«Ես առաջարկում եմ դադարեցնել համատեղ իրականացվող այն կարևոր ծրագրերի ֆինանսավորումը, որ ուղղվում է կառավարությանը։ Ավելի քան 100 միլիոնի եվրոն պետք է սառեցվի, և այն միջոցները, որոնք նախատեսված են կառավարության համար, կուղղվեն քաղաքացիական հասարակությանը։ Անդամակցության գործընթացը ևս սառեցվել է։ Այն չի վերսկսվի, քանի դեռ վրացական կառավարության գործողությունները չեն վերադարձել բնականոն հուն», - հայտարարում էր Բորելը։