Մատչելիության հղումներ

Մինչև կալանավորելը իշխանությունները Մամիկոն Ասլանյանին համագործակցության առաջարկ են արել, նա մերժել է. Բագրատ սրբազան


«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը Վանաձորում, Լոռու մարզ, 8-ը հունիսի, 2024թ.
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը Վանաձորում, Լոռու մարզ, 8-ը հունիսի, 2024թ.

Վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն այսօր հանրահավաք անցկացրեց Վանաձորում։ Մասնակցում էին ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, նախկին պաշտոնյաներ։

Շարժման առաջնորդներից Բագրատ սրբազանը, Գառնիկ Դանիելյանը, Սուրեն Պետրոսյանն իրենց ելույթներում շեշտեցին, որ արդեն երեք տարի կալանքի տակ է գտնվում Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը՝ նրան համարեցին քաղբանտարկյալ և քննադատեցին գործող իշխանություններին։

«Ո՞ւր է մեր համայնքապետը՝ Մամիկոն Ասլանյանը, ինչո՞ւ է կալանքի տակ։ Մարդիկ ընտրություններն, իրենց այսօրվա բառով ասած, լեգիտիմ, չէ՞, իրենց չի կարելի մատով դիպչել, որովհետև ասում են՝ ժողովուրդը մեզ ընտրել է, բայց ուրիշներին կարելի է ոչ միայն մատով դիպչել, այլև տանել կալանքի և մեղադրանք է չունենալ նույնիսկ, չունենալ, պարզապես կալանքի տակ պահել, պատժել բառիս բուն իմաստով», - ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Սրբազանը մի ուշագրավ հայտարարություն արեց, որը նախկինում երբեք չէր հնչել։ Նա, մասնավորապես, ասաց, որ մինչև կալանավորելը Մամիկոն Ասլանյանին իշխանությունները համագործակցության առաջարկ են արել, նա մերժել է, և նրա խոսքով՝ հենց դա է եղել կալանավորելու հիմնական պատճառը։

«Մարդը չի համաձայնվել իրենց կուսակցության հետ ինչ-որ բան ստորագրել համաձայնագիր», - նշեց նա։

Հարցին, թե որտեղի՞ց իրեն այդ տեղեկությունը, քանի որ Ասլանյանն ինքն էլ նման շեշտադրում չի արել, Բագրատ սրբազանը պատասխանեց. - «Այդպես է եղել, ՔՊ-ի հետ որոշակի համաձայնության գալու, մարդուն դրել են կալանքի տակ, եթե չլիներ, ավագանու անդամները դիմացս կանգնած էին, կասեին՝ չի եղել»։

«Քաղաքացիական պայմանագրից» դեռևս որևէ կերպ չեն մեկնաբանել այս հայտարարությունները։

Ասլանյանն անազատության մեջ է 2021-ի դեկտեմբերից։ Նա մեղադրվում է պաշտոնավարման տարիներին կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով Վանաձորի հողերն օտարելու համար։ Մեղադրանք է առաջադրվել նաև նրա երկու ենթականերին՝ իրավաբանին ու համայնքի գլխավոր ճարտարապետին։ Նրանք, ի տարբերություն Ասլանյանի, ազատության մեջ են։

Բագրատ սրբազանը նաև քննադատեց իշխանություններին վերջերս տեղի ունեցած ջրհեղեղի հետ կապված, անգործության մեջ մեղադրեց իշխանություներին և ասաց, որ հնարավոր էր կանխատեսել, բայց ըստ էության, որևէ քայլ չեն ձեռնարկել այդ ուղղությամբ։

Այստեղ հանրահավաքին մասնակցում էին ինչպես վանաձորցիներ, այնպես էլ Երևանից հենց հանրահավաքի առաջնորդների հետ եկած մարդիկ։ Մինչև հանրահավաքը «Ազատություն»-ը զրուցեց հենց վանաձորցիների հետ, ովքեր սպասում էին հանրահավաքի մեկնարկին։ Նրանք քննադատում էին իշխանություններին, բայց եղան նաև մարդիկ, ովքեր մոտեցան ու հակադարձեցին։

Մանրամասները՝ «Ազատության» տեսանյութում

XS
SM
MD
LG