Մատչելիության հղումներ

«Վարդենիսը դարձել է ամբողջությամբ սահման». Բագրատ սրբազան


Սոթքում մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ:

«Վարդենիսը դարձել է ամբողջությամբ սահման», - հանրահավաքի ժամանակ սահմնազատման թեմայով ասաց Բագրատ սրբազանը՝ հարց բարձրացնելով՝ ինչու սահմանազատումը չեն սկսում այստեղից:

«Ո՞ւր էին սահմանները մինչև հիմա, առաջնագիծը որտե՞ղ էր 4-6 տարի առաջ, հիմա որտեղ է, էս բոլոր արոտավայրերը, քիչ առաջ նախկին համայնքապետի հետ էի խոսում, իր թղթով վավերացված հողերն այլևս թշնամու ձեռքում են, մարդկանց հողերը, մեր երկրի հողերը: Ես Տավուշից եմ գալիս 10 տարի Տավուշը եղել է Հայաստանի ամենաերկար սահմանագիծը, ամենապաշտպանված, Վարդենիսում կամ այս տարածաշրջանում մի փոքրիկ հատված էր ընդամենը, հիմա ամբողջությամբ սահման է դարձել, այն էլ չգիտենք ինչ կարգավիճակով», - հայտարարեց Գալստանյանը:

«Ստի ճանապարհը պետք է կտրվի, ինչ գին էլ մեզնից պահանջվի», - ասաց նա:

Բագրատ սրբազանը նշեց՝ «ուսուցիչներին, պայմանագրային ստիպել են չգալ հավաքի», հարցնելով՝ ինչի՞ց են վախենում:

Շարժումը ավտոերթով ավելի վաղ շարժվել էր Վարդենիս:

Բագրատ սրբազանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր, որ պայքարը միայն Տավուշի համար չէ, որտեղից սկսվել է սահմանազատման գործընթացը, այլ՝ ամբողջ Հայաստանի:

«Մեր շարժումն ու պայքարն իր բովանդակությամբ այն մեծ ահազանգն է, թե ինչ է տեղի ունենալու ամբողջ Հայաստանում: Նաև այս պատճառով ենք գնում Վարդենիս», - նշեց նա:

Արքեպիսկոպոսը կարևորելով մարզային այցերը, այդուհանդերձ, տեղեկացրեց՝ չեղարկում են դեպի Սյունիք վաղվա այցը, պատրաստվելու են շաբաթվա վերջի մայրաքաղաքի հանրահավաքին:

Փուլային պայքարի են դուրս եկել՝ այցեր մարզեր, հանրահավաքներ, կառավարական շենքերի մոտ ցույցեր, մի նպատակով՝ պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ընդդիմության վարչապետի թենածուն նաև երկխոսություն է պահանջում իշխանության ներկայացուցիչների հետ, սակայն նրա պահանջը, ըստ իշխանական պատգամավորների, մերժվել է:

Ընդդիմադիր այս շարժման վարչապետի թեկնածուն Բագրատ սրբազանն է։ Նա դիմել է Վեհափառին սառեցնելու իր հոգևոր ծառայությունը։ Մայր Աթոռից հայտնել են, որ Բագրատ սրբազանի եպիսկոպոսական կարգը պահպանվում է, դադարեցված է նրա եկեղեցական ծառայությունը։

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Սահմանադրությամբ չի կարող առաջադրվել՝ երկքաղաքացի է։ Կանադայի քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում էլ նրա թեկնածությունը օրենքով չի կարող հաստատվել։ Ընդդիմության սցենարով դրան հնարավոր է հասնել հանրային ճնշմամբ։ Իշխանականները համոզված են՝ Փաշինյանի կառավարության դեմ հանրային ճնշում չկա, և որ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը մարում է։

XS
SM
MD
LG