Մատչելիության հղումներ

Բագրատ սրբազանը հստակ մասնակցություն է պահանջում այն ուժերից, որոնք կաբինետներից են աջակցում


Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ելույթ է ունենում Քննչական կոմիտեի մոտ, Երևան, 3-ը հունիսի, 2024թ.
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ելույթ է ունենում Քննչական կոմիտեի մոտ, Երևան, 3-ը հունիսի, 2024թ.

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը պահանջում է, որ քաղաքական ուժերը կառավարության դեմ պայքարում տեսանելի մասնակցություն ունենան, պատասխանատվություն ստանձնեն կամ հայտարարեն, որ կապ չունեն այս շարժման հետ։ Սրբազանը երեկ է այս մասին հրապարակային հայտարարել։

Ո՞ր ուժերին նկատի ունի, ովքե՞ր են, որ կաբինետներում են և ոչ փողոցում իր հետ, սրբազանն այսօր ասաց. - «Օրինակ՝ բոլոր այն ուժերը, որոնք կաբինետներից են աջակցում, ովքեր հրապարակում չեն, այդ ուժերն են»։

Շարժման առաջնորդն այդպես էլ անուններ չհնչեցրեց։ «Պատիվ ունեմ» ու «Հայաստան» խմբակցության պատգամավորները փողոցում են։ Ո՞ւմ է ուզում տեսնել։ Նա խորհրդարանական ու արտախորհրդարանական տասնյակ քաղաքական ուժերի հետ է հանդիպել։ Հանդիպումներից հետո հայտարարություններ եղան, որ համախոհ են երկու հարցում՝ Փաշինյանի հրաժարականի ու Բագրաստ արքեպիսկոպոսի թեկնածության շուրջ։ Ուզում է այդ ուժերի առաջին դեմքերի՞ն փողոցում տեսնել։

«Համախոհություն բոլորը հայտնել են, չէ՞, հիմա, լավ, ես ասում եմ՝ ինչ ծավալով, ինչ կերպով այդ համախոհությունը դարձնում ենք իրականություն։ Շատ պարզ բան եմ ասում։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ես հայտնեմ համախոհություն ու այստեղ չլինեմ, կլինի՞», - ասաց նա։

Մասնակցային պատասխանատվությունն ի՞նչ է ենթադրում, ի՞նչ պետք է անեին, որ չեն անում. սրբազանն այս մասին նշեց. - «Ենթադրում է մասնակից լինեն, գործողություններ կատարեն, չեն ուզում փողոց փակել, ուրիշ բան թող անեն, չեն ուզում շղթայվել այսպես, թող ուրիշ բան անեն, տեսնում են՝ անօրինություն է տեղի ունենում, թող արձագանքեն, այսքան ոստիկանական բռնության և այլն խմբերի մասին, թող դրա մասին խոսեն, դատապարտեն»։

Բագրատ սրբազանը, որ Երևանում մայիսի 9-ից սկսեց վարչապետի հրաժարականի պայքարով շարժումը, գուցե հասկացե՞լ է, որ իր ուժերից վեր է կառավարության հրաժարականին հասնելը, հարցին պատասխանեց այսպես. - «Ո՛չ, բացարձակ, ես ասում եմ ձեզ՝ ով ինչ խոսք ասաց՝ դրան տեր պիտի կանգնի»։

Ակցիա ՔԿ-ի մոտ

Բագրատ արքեպիսկոպոսն այսօր աջակիցների հետ մինչև կեսօր Քննչական կոմիտեի մոտ էր, պահանջում էր՝ Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանը ներքև իջնի ու պարզաբանի՝ ընթացք ստացե՞լ են այն դեպքերը, երբ կարմիր բերետավորները, սրբազանի խոսքով, բռնություն են կիրառել իր աջակիցների նկատմամբ։

Շարժման առաջնորդը պատրաստ էր լսել նաև քննչականից այլ պաշտոնյայի, բայց մերժեցին։ Մի ոստիկան փոխանցեց՝ ոչ մեկը չի իջնելու, սրբազանին ընթացակարգը բացատրեց՝ դիմում պետք է գրեն, ու դրա հիման վրա էլ կազմաերպեն հանդիպումը Քննչականի պաշտոնյաների հետ։

«Խուսափելու ի՞նչ ունեք քաղաքացիների հետ հանդիպելու, պարո՛ն Քյարամյան։ Դուք չեք ուզում իջնել, լավ, մի իջեք Ձեր բարձունքից, մենք կբարձրանանք այդտեղ», - հարցրեց նա։

Դիմումներ չգրեցին, շարունակեցին կանգնած մնալ Քննչականի մոտ, որի մուտքերը փակված էին ոստիկանական շարքերով։ Մեծ ուժեր էին կենտրոնացրել։ Մեզ ոչ մեկը չի կարող ահաբեկել, այսպես արձագանքեց համազգեստավորների բազմությանը Բագրատ սրբազանը։

Բագրատ արքեպիսկոպոսն ու ցուցարարները ՔԿ-ի մոտից հեռացան երեք ժամ անց, երբ լուր ստացան, որ ազատ են արձակելու իրենց աջակիցները։ Երթով Արաբկիր համայնքից կենտրոն հասան, երեկոյան սուրբ Աննա եկեղեցու մոտ կամփոփեն օրը։

XS
SM
MD
LG