Մատչելիության հղումներ

«Տարին սկսվել է, չգիտենք ոնց աշխատենք». բեռնատարների վարորդները կրկին Կառավարություն էին եկել


«Նոր տարին սկսվել ա, մենք չենք իմանում ոնց աշխատենք», «Նիստը պրծել ա՝ թող մեկը իջնի, մի հատ հարց ու պատասխան տան». - բեռնատարների վարորդներն ու բեռնափոխադրողներն այսօր հունից դուրս եկան, երբ Կառավարության շենքի առջև ժամերով սպասելուց հետո իրենց ոչ մի պաշտոնյա չընդունեց: Ներսից ասելիքը գրավոր պահանջեցին:

«Մենք չենք ուզում կատաստրոֆա անենք, փողոցները փակենք, ժողովրդին նեղություն տանք», - հայտարարում էին ակցիայի մասնակիցները: - «Երկու տարի գալիս ենք նամակ ենք տալիս, ոչ մի պատասխան չի եկել այդ նամակներին»:

Հատկապես էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին էին ուզում հարցնել՝ այս չորս ամիսների ընթացքում Հայաստանի կառավարությունը կարողացա՞վ համոզել Ռուսաստանին, որ հայ բեռնափոխադրողները չեն կարող 180-ի փոխարեն 90 օր մնալ այդ երկրում: Նորից հիշեցրեցին՝ Հայաստանը Ռուսաստանին կապող ցամաքային միակ` Լարսի ճանապարհը տարվա մեծ մասը փակ է կամ ծանրաբեռնված, իրենք էլ օրեր են վատնում այդ ճանապարհին։ 90-օրյա ժամկետը խախտած վարորդների մեծ մասն, ասում են, արդեն Ռուսաստան մտնելու արգելք ունեն. - «Քիչ ենք գնացել-եկել Ռուսաստան, տենց տեղավորվել ենք: Բայց էտի, ասենք, հազարից մի 200-ինը, էլի, չի լրացել, թե չէ շատերինը լրացել ա»:

Ռուս պատգամավորներից մեկը վերջերս առաջարկել է այդ 90 օրը 30 դարձնել, մտավախություն ունեն՝ բա որ դա է՞լ ընդունվի. - «Դա օրենքի նախագիծ էա, հիմա չգիտենք՝ կընդունվի, չի ընդունվի, ոնց կլինի, բայց դե Ռուսաստանն ա՝ միգուցե ընդունեց»:

Դժգոհում են, թե սա միակ հարցը չէ, որ իրենց աշխատանքն անհնարին է դարձնում ու իրենց դուրս թողնում շուկայից: Ասում են՝ ոլորտը բարձիթողի վիճակում է: Ըստ նրանց՝ սնկի պես աճում են այն միջնորդ կազմակերպությունները կամ անհատները, որոնք սկսել են երրորդ երկրների վարորդների ներգրավել Ռուսաստանից Հայաստան բեռներ տեղափոխելու համար։ Հայ վարորդները պնդում են՝ պատճառն այն է, որ իրենք բարձր հարկեր են վճարում Հայաստանում, Ռուսաստանում և Վրաստանում, մինչդեռ այլ երկրներից Հայաստան մտնող բեռնափոխադրողները նվազագույն հարկային բեռ ունեն, ինչի շնորհիվ կարողանում են իջեցնել ծառայությունների գները.

«Մենք Վրաստան մտնելուց մուծում ենք 400 դոլար փող, Ռուսաստան գնալ-գալու ճանապարհի փողը, ասենք, էնտեղ բռնում ա 600 դոլար, 500 դոլար, բայց նույն ռուսը, նույն վրացին մտնում ա ստեղ՝ 15 հազար դրամ ա մուծում: Հա, պետական մուծում ա: Մենք էլ մտնում ենք պետական մուծում ենք 400 դոլար՝ թե՛ Վրաստան, թե՛ Ռուսաստան: Իրանք տեղավորվում են դրա հաշվին, կարում են գնան-գան, իսկ մենք չենք կարում: Ասենք՝ ստեղ սալյարկեն 500 դրամ ա, Ռուսաստան 300 դրամ ա ... Մենք չենք տեղավորվում»:

«Մենք A կետից B կետը ապրանքը տեղափոխեցի՞նք, հա՞, X գումարով, բայց մենք դրա մեջ չենք տեղավորվի: Վրացին, կամ էն մյուսը, ռուսը, բելառուսը մինչև 1000 դոլար էլ հնարավոր է էժան բերեն, որովհետև մենք էդ 1000 դոլարը կթողենք Վրաստանում, կթողենք Ռուսաստանում»:

Վարորդները պնդում են՝ հիմնականում այդ լոգիստական ընկերություններն ու երրորդ երկրներից բեռներ բերողները մեծ ծավալի կանխիկ շրջանառություն ունեն.

«Ես հարկատու եմ, չէ՞, ինձ հերոս էին անվանում երկու տարի առաջ, կարծեմ, բա իմ շահերը ո՞վ ա պահելու: Երրորդ երկրի բեռնափոխադրողին մենք դեմ չենք, բայց չափ գոյություն ունի»:

«Բեռնափոխադրողները ստիպված մեքենաները վաճառում են. բիզնես ա, փող են ներդրել մարդիկ, վարկեր են վերցրել»:

Հարցնում են՝ ինչո՞ւ ոլորտը չի կարգավորվում, ինչպե՞ս են օտարերկրացի վարորդներն աշխատում առանց լիարժեք հարկային վերահսկողության, և ինչո՞ւ պատկան մարմինները չեն ստուգում ժամանակավոր գործող անհատ լոգիստներին։

«Եթե մեկս կլորիկ կանխիկ գումար տա մյուսին, ՊԵԿ-ը կկանգնի գլխներիս», - ընդգծում են բեռնափոխադրողները, որոնք այս հարցերի պատասխանները ստանալու համար նախորդ տարի մի քանի պաշտոնյաների են հանդիպել, բայց «երրորդ հանդիպումից, ոնց որ ասած, սենց, կներեք, ցրեցին»:

«Երբ որ խնդիրը բարձրացում ես, ոչ մեկ չգիտի ում տիրույթի տակ ա: Տրանսպորտի նախարարության տիրույթի տակ չի, որովհետև ինքը ավելի շատ շարժի հետ ա կապված, Ֆինանսների նախարարությունը սենց նայում ա մեզ, Էկոնոմիկայի նախարարությունը՝ նույնպես: Չգիտեմ՝ ո՞ւմ տիրույթի տակ ա, ո՞վ պետք ա օգնի: Ու էրկու տարի ա նույն հարցը բարձրացնում ենք, ոչ մեկ չգիտի, մի բառ են ասում՝ շուկա ա: Հասկացանք շուկա ա, բայց շուկան չունի՞ իրա օրենքները»:

Բեռնափոխադրողները նաև վարչապետ Փաշինյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջին են նամակ գրել, այսօր նույն նամակը նորից հանձնեցին:

«Անցակետերում հլը քելեք հաշվեք՝ օրվա մեջ 100 հատ բեռնատար ա, խոսքի, մտնում Հայաստան, 99-ը այլ երկրի մեքենաներ են: Մի հատ տեսեք հլը՝ էդ մարդիկ եկան, գնացին էնտեղ դատարկվեցին, էդ կանխիկ փողը առան ու՝ իրանց երկիր: Էդ փողը տեսեք ո՞ւր ա»:

Վերջում, երբ արդեն թևաթափ տուն գնալիս են եղել, ճանապարհին պատահաբար էկոնոմիկայի նախարարին են հանդիպել: Պապոյանը երկար ժամանակ չի ունեցել վարորդներին լսելու, մեկի բջջայինի համարն է վերցրել ու խոստացել՝ կզանգի. - «Առաջին հարցը ուղղեցինք՝ 90 օրերի հետ կապված ի՞նչ պաշտոնական տեղեկություն կար, իմ անձնական համարս վերցրեց պարոն Պապոյանը, ասեց՝ «ավելին կպարզեմ, ձեզ ավելին կասեմ»: Խնդրեցինք, որ բեռնափոխադրման ոլորտին ուշադրություն դարձնեն, ասեց՝ դա Տարածքային կառավարման նախարարության տիրույթի տակ ա, մենք էլ ասեցինք, որ էնտեղից էլ ասում են՝ իրանք էլ չգիտեն որ տիրույթի տակ ա, ասեց՝ «չէ, կփորձեմ ինքս նախարարի հետ խոսել էդ մասին, ձեզ տեղյակ կպահեմ»:

«Ազատությանն» այսօր չհաջողվեց էկոնոմիկայի նախարարի հետ հեռախոսով կապ հաստատել՝ նա մեր զանգերն անպատասխան թողեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG