Վրաստանը հանդես է գալիս խաղաղության և երկխոսության միջոցով հակամարտությունների լուծման օգտին, Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին։
«Տարածաշրջանի ամբողջական ներուժը կարող է բացահայտվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո», - նշել է նա, փոխանցում են վրացական լրատվամիջոցները:
Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ Կավելաշվիլին նաև ասել է, որ Թբիլիսին միշտ «աջակցել է և շարունակելու է աջակցել Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»:
Իլհամ Ալիևը, իր հերթին, ընդգծել է, որ երկու հարավկովկասյան երկրները համատեղ իրականացնում են շատ կարևոր նախագծեր, որոնք մեծ նշանակություն ունեն նաև ավելի լայն աշխարհագրական տեսանկյունից:
Իլհամ Ալիևը հավելել է, որ քաղաքական հարաբերությունները զարգանում են, բարձր մակարդակի շփումները կրում են պարբերական բնույթ, քաղաքական երկխոսությունն ակտիվ է: