Մատչելիության հղումներ

Ստեփանավանում փայտաշեն շենքում հրդեհի հետևանքով մեկ մարդ է զոհվել, ևս մեկի վիճակը ծանր է


Մեկ մարդ զոհվել է այսօր գիշերը Ստեփանավանի երկհարկանի փայտաշեն շենքում բռնկված հրդեհի պատճառով, 42-ը տարհանվել են: Պաշտոնական տվյալներով` բուժօգնության է դիմել 8 բնակիչ, որոնցից մեկի վիճակն, ըստ բժիշկների, կայուն ծանր է՝ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Հրդեհից փրկված բնակիչներից 88-ամյա Էմմա Թոթոլյանն «Ազատությանն» ասաց, որ կրակը տանիքից է սկսվել, ենթադրում են՝ հոսանքի լարերից: Պատմեց՝ ինչ դժվարությամբ է փախել տնից թոռան ու երկու դպրոցահասակ ծոռների հետ. - «Գիշերը ժամը 4-ն անց կես էր, թխկացրին դուռը, Աննան ասավ՝ «վե՛ր կացեք, շո՛ւտ արեք, շո՛ւտ արեք, շենքը վառվում ա»: Րեխանցը վե կալավ, դուս էկավ, «ա՛յ կնիկ, դո՛ւս արի, դո՛ւս արի», մինչև պլաշս գտա, ձեռնափայտս գտա, մինչև դուս էկա, միջանցքումն էլ վեր ընգա՝ գլուխս պտտվեց, դե քնահարամ վեր էի կացել, վեր ընգա՝ «օգնեցե՛ք, օգնեցե՛ք», վերջը էրկու պաժառնիկ էին, ինչ էին, էրկու տղա էկան վե քաշեցին, դուս բերեցին»:

Հրդեհը, ըստ տարեց կնոջ, տարածվում էր շատ արագ. - «Արագ-արագ, արագ, ամբողջ կռիշը բռնված էր, մենք էլ երկրորդ հարկումն էինք ապրում: Եսիմ, ինչ փրկվեց, չստերով, րեխանց հետ, չստերով, գիշերանոցով դուս եմ էկել, մենակ պլաշս քցել եմ ուսիս»:

Նախնական տվյալներով՝ փայտե շենքի 16 բնակարաններից 15-ը բնակեցված է եղել: Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, որ այսօր առավոտյան հանդիպել էր տարհանված բնակիչների հետ, «Ազատությանն» ասաց՝ տուժածներից 29֊ը տեղավորվել են հյուրանոցներում, 13֊ը հարազատների բնակարաններ են տեղափոխվել: Հաշվարկվում են վնասներն ու փոխհատուցման հնարավորությունները:

«Մենք հանդիպեցինք բնակիչների հետ, ներկա պահին 10, իհարկե հնարավոր է՝ մոտակա ժամերի ընթացքում ավելանան, ընտանիքներ արդեն իսկ տեղավորվում են հյուրանոցներում, ապահովվում են սննդով, առաջին անհրաժեշտության, հիգիենայի պարագաներով: Մարզպետարանի և համայնքապետարանի գործընկերները հենց հիմա գնահատում են իրականացնում կարիքների, և Կառավարության կողմից կա հանձնարարական՝ բոլորին ըստ անհրաժեշտության աջակցություն ցուցաբերել», - ժամեր առաջ փոխանցել էր մարզպետը:

Հանդիպումից դուրս եկած Անահիտ Ներկարարյանն ասաց, որ գրանցել են բնակիչների կարիքները, հույս ունեն, որ ամեն ինչով կապահովեն:

«Առաջինը՝ շոկ, մինչև հասկանում ես ինչ ա կատարվում, չես հասկանում ինչ վերցնես, ինչ հագնես, ոնց վարվես ... Մի խոսքով՝ մի կերպ դուրս ենք եկել: Հետո մինչև իջել եմ, տեսնեմ արդեն մեր տունը վառվել ա, հանգցնում են, մտել եմ փաստաթղթերն եմ էդ ժամանակ վերցրել՝ անգամ դրա մասին չէի մտածում, իմ հարևաններն են հուշել: Կոնկրետ մեր բնակարանը երկրորդ հարկում մինչև հիմա հանգցում են, չի հանգում: Շենքից ոչ մի բան չի եղել փրկել», - «Ազատությանը» պատմեց Ներկարարյանը:

Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասում 27 փայտաշեն շենք կար, որ կառուցվել էին 1988-ի երկրաշարժից հետո և ժամանակավորապես հատկացվել երկրաշարժից տուժած ընտանիքներին: Անցած տարի սկսվեց դրանք քանդելու և տեղում նոր շենքեր կառուցելու Կառավարության ծրագիրը: Արդեն 9 շենք քանդվել է: Բնակիչները տեղավորվել էին մյուս շենքերի անբնակ տներում, որպեսզի շինարարության ավարտից հետո տեղափոխվեն նորակառույցներ: Տեղացիներն ասացին՝ մեծ թափով ընթանում է շինարարությունը, այս տարի հավանաբար կավարտեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG