Վանաձորը 17 տարի ղեկավարած քաղաքապետ Սամվել Դարբինյանի նկատմամբ երկու տարի առաջ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է և ուղարկվել դատարան։
Դարբինյանը մեղադրվում է իր պաշտոնավարման տարիներին լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար: Քննչական կոմիտեի նախաքննության համաձայն, Սամվել Դարբինյանը 2002-2006 թվականներին Վանաձորի կենտրոնական հատվածներում գտնվող տարածքները գրանցել է իր հարազատների, մասնավորապես, որդու և եղբոր անունով՝ որպես սեփականություն, ինչի արդյունքում համայնքին պատճառվել է շուրջ 60 մլն դրամի վնաս:
Դեռ 2019-ին «Ազատությունն» անդրադարձել էր այս փաստերին, թե ինչպես է նախկին քաղաքապետը Լոռու մարզպետարանի հարակից երկու տարածքները չնչին գումարի դիմաց տվել իր որդուն և խնամուն՝ նախ վարձակալությամբ, ապա՝ սեփականության իրավունքով։ Խնամին, իր հերթին, սեփականաշնորհած իր հատվածը նվիրաբերել էր քաղաքապետ Դարբինյանի հորեղբոր թոռանը՝ նախկին փոխմարզպետ Արսեն Դարբինյանի որդուն։
Այդ տարածքները, Վանաձորի հատակագծի համաձայն, կենտրոնական Հայքի հրապարակի մաս են կազմում, որը 2008 թվականից ներառված է Հայաստանի հուշարձանների ցանկում։ Դրանք չէին կարող սեփականաշնորհվել, բայց Սամվել Դարբինյանն իր հարազատների սեփականությունն է դարձրել որպես գյուղատնտեսական նշանակության հողամաս։ Ընդ որում, արխիվային փաստաթղթերից երևում է, որ նախկին քաղաքապետն իր միանձնյա որոշումներով է արել ամբողջ գործարքը։ Քաղաքի ղեկավարն ինքն իրեն նշանակել է տարածքների վարձակալության մրցույթի միանձնյա կազմակերպիչ, ինքն իր որոշումներով մրցույթի հաղթող է ճանաչել իր հարազատներին, հետո էլ իր միանձնյա որոշումով նրանց դարձրել քաղաքի սրտում գտնվող տարածքների սեփափականատեր։
Անցած տարիներին նախկին քաղաքապետի հարազատներն իրենց սեփականը դարձած տարածքներում որևէ բարեկարգում չեն իրականացրել. շատրվանները գտնվում են քարուքանդ վիճակում, մերձակա տարածքներն անխնամ են։
Դարբինյանն այսօր հրաժարվեց պատասխանել «Ազատության» հարցերին, հետո չպատասխանեց նաև հեռախոսազանգերին։ Իսկ ամիսներ առաջ հայտարարել էր, թե իր նկատմամբ հարուցված բոլոր քրեական գործերը կեղծ են և դրանք շուտով կփակվեն: - «Ես իմ աշխատանքային բոլոր գործողությունները կատարել եմ օրենքի տառին համաձայն, ոչ մի տեղ օրենքի խախտում չի եղել, և դրա համար էլ էն քրեական գործերը, որոնք կազմվել են, նույն ձևի էլ փակվում են։ Ամեն ինչը հաստատվել է տեղական ինքնակառավարման օրենքների համաձայն և ավագանու թույլտվությամբ։ Համայնքային գույքի տերը ոչ թե համայնքապետն է, այլ ավագանին»։
Անդրադառնալով նրան, որ գույքն օտարվել է իր որդուն՝ Դարբինյանն ասաց. - «Ես աճուրդի եմ դրել, իմ տղան էլ, ինչպես որ բոլոր քաղաքացիները... դրանք բոլորը եղել են աճուրդով»։
Սամվել Դարբինյանի պաշտոնավարման տարիներին Վանաձորի գլխավոր ճարտարապետն իր քրոջ ամուսինն է եղել՝ Տիգրան Պապանյանը։ Նա դեռ 2 տարի առաջ «Ազատությանն» ասել էր, թե որևէ խախտում չկա քաղաքի տարածքներն իր հարազատներին միանձնյա սեփականաշնորհելու մասին քաղաքապետի որոշումներում։
«Նրանք Վանաձորի հրապարակի մաս կազմող հատվածների տեր են դարձել օրենքի ուժով, մտադիր չեն հրաժարվել իրենց ունեցվածքից և նրանց սեփականությունից կարող են զրկել միայն դատարանի որոշմամբ», - ասել էր նախկին քաղաքապետի փեսան։ - «Սահմանադրությունով մարդու սեփականությունը անձեռնամխելի է։ Միայն դատական կարգով»։
Դատական տեղեկատվական համակարգի համաձայն, դատաքննության ընթացքում նախկին քաղաքապետին կպաշտպանեն երեք փաստաբաններ։ Դատական նիստեր դեռևս նշանակված չեն։
Սա Լոռու մարզում կոռուպցիոն բնույթի խոշոր ծավալների քրեական գործերից երկրորդն է, որ հասել է դատարան։ Ըստ իրավապահների, Ստեփանավանի նախկին համայնքապետ Միքայել Ղարաքեշիշյանի որդին՝ Սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալության նախկին պետ Ալբերտ Ղարաքեշիշյանն իր պաշտոնավարման տարիներին անապահով ընտանիքների նպաստի գումարներից ավելի քան կես միլիարդ դրամ է հափշտակել և յուրացրել։ Դատաքննությունն ընթանում է արդեն երկու տարի։
Մեկ այլ քրեական գործով Ալբերտ Ղարաքեշիշյանը 2018-ին, նպաստների գործով իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվելուց հետո, փորձել է սահմանապահների աջակցությամբ ապօրինի հատել սահմանն ու փախչել Հայաստանից։ Այս գործն էլ դատարանում է արդեն մեկուկես տարի։