«Մի ամսվա մեջ տասնյակ կենտրոններ եմ գնացել, երևի ստանում եմ օրական մինչև 120 մեսիջ, բացի էդ 20 տոկոսի, էսպես, առաջարկներ-դիտողություններից, 80 տոկոսը շնորհակալություն է: Շատ դեպքերում անգամ իրենք զարմանում են, որ սա հնարավոր էր: Ես ձեր նշած ո՛չ տրամադրություններն եմ տեսել, լսել և արձանագրել, դրա համար հարցին էլ չեմ պատասխանի». - առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսպես արձագանքեց լրագրողի դիտարկմանը, թե մարդիկ դժգոհում են, որ ապահովագրության շրջանակներում քիչ ծառայություններ են ընդգրկված:
«Ազատություն»-ն էլ հետաքրքրվեց՝ տարիներ շարունակ, պետպատվերի ծառայություններից օգտվող բուժառուները տարվա կեսից հիվանդանոցներում լսել են «պետպատվերն ավարտվել է» արտահայտությունը, պետական ապահովագրության դեպքում սա բացառո՞ւմ է:
Նախարարն ասաց՝ հերթագրումները նորմալ են, ու այս դեպքում էլ կլինեն բուժառուներ, որոնք կհերթագրվեն, բայց ոչ անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցողները:
«Այսինքն՝ 2025 թիվն էլ, ուզում եմ հստակ արձանագրենք, որ պետական պատվերի շրջանակներում ով որ կարիք է ունեցել բուժօգնության, ստացել է այդ բուժօգնությունը որոշ ծառայությունների մասով մինչև մեկ ամիս հերթագրման սկզբունքով», - նշեց Ավանեսյանը:
Առողջապահական ոլորտի փորձագետ Ծաղիկ Վարդանյանի հաշվարկներով՝ այս տարվա երկրորդ-երրորդ եռամսյակում բուժառուն նորից կլսի «գումարի պակասորդ կա, ձեզ հերթագրում ենք» նախադասությունը: Իսկ օրենքով հերթագրման սպասման ժամկետը, հիշեցրեց, մեկից մինչև վեց ամիս է:
«Բյուջեն հաստատված է 2026 թվականի 220 միլիարդ դրամ, որից 20 միլիարդի կարգի չի վերաբերում բժշկական օգնության ծառայություններին, մոտ 200 միլիարդ: Տարվա կտրվածքով ապահովագրավճար կհավաքվի աշխատող մարդկանցից, ըստ նախնական տվյալների, մոտավորապես 54-ից 56 միլիարդ դրամի մասին է խոսքը, լավ, 56: Չի բավարարի այս տեմպերով, իմ շատ կոշտ վերլուծությամբ՝ մինչև 50-60 միլիարդի պակասորդ է լինելու: Կսկսի զգացնելը մարտ-ապրիլ ամիսներին», - «Ազատության» հետ զրույցում ասաց փորձագետը:
Աշխատող քաղաքացին, որ ի տարբերություն մյուս խմբերի՝ ինքն է վճարելու պարտադիր ապահովագրության համար, պոլիկլինիկայից հիվանդանոց հասնելու համար երեք օրից մինչև երեք շաբաթ կարող է կորցնել: Ստացվում է, որ այդ բոլոր օրերի համար աշխատող քաղաքացին պետք է աշխատանքից բացակայի:
Նախարարը պնդեց՝ եվրոպական երկրներում այդ հերթագրումներն ավելի երկար են տևում:
«Եթե վերցնեք երեք օրում մասնագետի հասանելիությունը եվրոպական երկրներում ապահովագրության շրջանակներում մասնագետի հասանելիության, շատ կզարմանաք, թե երեք օրը դա իսկապես հիանալի ցուցանիշ է այսօրվա առողջապահական համակարգերի համար», - ասաց Ավանեսյանը:
Առողջապահական պետական ապահովագրությամբ պետությունը վճարում է նաև մի խումբ դեղերի համար: Լրագրողները հետաքրքրվեցին՝ հաճախ մարդն այդ դեղերը ստանալու համար ստիպված է լինում մի քանի դեղատուն անցնել: Դա էլ է նորմալ, հակադարձեց նախարարը՝ մանրամասնելով. - «Առաջին ամիսն է, որ մեր դեղագործական ընկերությունները սկսել են էսպիսի մեծ ծավալով բացթողումներ անել, իրենց մոտ էլ դեռ կուտակված վիճակագրական և, էսպես, տվյալներ չկան, թե ինչքան է իրենց սպառումը ամսեկան դեղորայքի լինելու, որ ճիշտ չափաքանակներով դեֆեկտուրա լրացնեն, իրենց պաշարները համալրվեն: Մեկ-երկու ամսից նրանք էլ, արդեն հասկանալով, որ միջին շարժը ինչքան է լինելու, վստահաբար կգան նրան, որ դեղատները մեծամասամբ կունենան ամբողջական նամենկլատուրան»:
«Անգամ եթե բուժառուն ապահովագրության շրջանակներում իր բուժման համար ոչինչ չի մուծում, լինում են դեպքեր, երբ ստիպված վճարովի հիվանդասենյակի համար է վճարում», - սրան էլ Ավանեսյանն արձագանքեց՝ կլինեն հիվանդանոցներ, որտեղ կսպառվեն անվճար հիվանդասենյակները, բայց «էնտեղ էլ շատ հստակ տարանջատված են». - «Այո, քաղաքացին պիտի հավելյալ դրա համար վճարի, եթե չի ուզում վճարի, ուրեմն՝ պետք է ընտրի այլ բժշկական կենտրոն, որտեղ այդ պալատները, այդ մահճակալները հասանելի են»:
Նախարարը չընդունեց նաև պնդումները, թե հատկապես վիրաբույժներն իրենց վիրահատությունների դիմաց պետական ապահովագրությունից չնչին փոխհատուցումներ են ստանում: Ուղիղ հակառակը, ասաց: Բայց ընդունեց՝ կարիք կա նորից բարձրացնելու պոլիկլինիկաների թերապևտների ու մանկաբույժների աշխատավարձերը: Նեղ մասնագետների աշխատավարձերն էլ կբարձրանան՝ հստակ մեխանիզմով:
«Հարգելի նեղ մասնագետներ, դուք ամեն խորհրդատվությունը իրականացնելու դիմաց վճար եք ստանալու: ... Մենք ունենք 3000 դրամ, եթե խորհրդատվությունը տվյալ պոլիկլինիկայում է իրականացվում, որովհետև էստեղ էլ պիտի հաշվենք՝ ֆինանսավորում ենք per capita, այսինքն՝ էն 3000 դրամը, որը պիտի գնար վարչական ծախսերին, իրականացվում է per capita-ով, 6000 դրամ, եթե խորհրդատվությունը իրականացվում է ոչ կոնկրետ տվյալ, քո կցագրված պոլիկլինիկայում, և, իհարկե, հնարավորություն ունենք էնտեղ նաև այլ ծառայություններ կան, որոնք հիմա, էսպես, շատ, անունները չշփոթելու համար չեմ ներկայացնի, բայց կարող ենք ցանկից ձեզ տրամադրել», - ասաց Անահիտ Ավանեսյանը: