Թուրքական դատարանը կիրակի օրը կաշառքի մեղադրանքով դատավարությունից առաջ կալանավորել է Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին: Ներքին գործերի նախարարությունը ժամանակավորապես պաշտոնից հեռացրել է նրան:
Էրդողանի գլխավոր քաղաքական մրցակից Իմամօղլուին բանտ ուղարկելու որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը, եվրոպական առաջնորդները և տասնյակ հազարավոր ցուցարարներ քննադատել են նրա դեմ գործողությունները որպես քաղաքականացված և ոչ ժողովրդավարական:
Ստամբուլի քաղաքապետը չորեքշաբթի ձերբակալվել է կաշառակերության և ահաբեկչական խմբավորմանը օժանդակելու մեղադրանքներով: Իմամօղլուն, որ որոշ հարցումների համաձայն՝ գերազանցում է Էրդողանին, հերքում է մեղադրանքները:
Կիրակի օրը Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ) անդամները հաջորդ նախագահական ընտրություններում կուսակցության թեկնածու են ընտրել Իմամօղլուին:
Զուգահեռ շաբաթ օրը հազարավոր մարդիկ հավաքվել են Ստամբուլի քաղաքապետարանի և գլխավոր դատարանի շենքի մոտ: Երկու վայրերում էլ տեղակայված հարյուրավոր ոստիկաններ արցունքաբեր գազ և պղպեղի սփրեյներ են կիրառել ցուցարարներին ցրելու համար:
Բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվել է 323 մարդ: