Քարաձորցի Գագիկ Էմինյանի բողոքի հիման վրա քրեական վարույթ չի հարուցվի, եթե անգամ Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանն իսկապես նրան ծեծել է։
Երկու օր առաջ Քարաձորի բնակիչը նման բողոքով Ոստիկանություն էր դիմել: Այսօր Քննչական կոմիտեից հայտնեցին՝ գանգատը մասնավոր է, Քրեական օրենսգրքի վերջին փոփոխություններով` դեպքը կարող է քննել միայն դատարանը, այն էլ՝ եթե ենթադրաբար ծեծված քաղաքացին ինքը դիմի դատարան։ Հակառակ դեպքում՝ անգամ եթե բարձրաստիճան պաշտոնյան իսկապես մեղավոր է, կմնա անպատիժ։
Երկու օր առաջ 35-ամյա Գագիկ Էմինյանն «Ազատությանը» պատմել էր՝ Սպիտակի քաղաքապետարան էր գնացել ընդամենը իր ջրի խնդրով, այնտեղ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանն իրեն հայհոյանքով, վիրավորանքով ու հարվածներով էր պատասխանել:
Այսօր չնկարահանվելու պայմանով Էմինյանն ասաց՝ իր պահանջը միայն ջրի մասին է. - «Իմ անունը, իմ կլասը մեք քցի, ինձ մի հատ ջուր տվեք, ու պրծնենք: Ջուրը քաշել ե՞ք, քաղաքապետարանին շնորհակալ եմ, որ իրա հաշվին քաշել ա, իրա հաշվին չի, հաստատ ոչ մեկը իրա ջեբից հիմա ջուր չի քաշում, ինչ արել են՝ լավ են արել, ապրեն իրանք: Դե հմի թող ինձ ջուր գա, էս էլ իմ լվացքի մեքենայի ջուրն ա, էրեխանց շորերը չեմ կարում լվամ: ... Ո՞ւ գնամ լաց ըլեմ, որ իմ քյորփի հմար ջուր գա, իմ րեխեն ռավոդ բարլուսով չգնա խալխի տները լվացվի: ... Էրկու րոպե գալիս ա, էլ չի գալիս»:
Գյուղում սուբվենցիոն ծրագրով միլիոնավոր դրամներ են ծախսվել։ 120 տան համար խմելու ջուր են հասցրել։ Բայց տնակում ապրող Գագիկի ընտանիքն այդ թանկարժեք ջրից այդպես էլ չի օգտվում։
Այսօր գյուղի վարչական ղեկավար Հրանուշ Ռոստոմյանն ասաց՝ Քարաձորի բնակիչների մեջ ջոկողություն չեն դրել։ Գագիկի տնակ ջուրը հատուկ ջրագծով են անցկացրել, բայց ինչու այդպես էլ տեղ չի հասնում՝ նրա համար էլ հանելուկ է։ Հաստատում է միայն՝ մի քանի անգամ ջրի նոր անցկացված ջրագիծը խցանվել է, իրենց ուժերով բացել են: Բայց ինչու է խմելու ջրի խողովակը գրեթե ամեն օր խցանվում՝ դրա պատասխանն էլ չկա: Վարչական ղեկավարը ցույց է տալիս՝ 200 մետր այն կողմ, նույն ուղղությամբ հարևանն այս պահին էլ վարար ջուր ունի: Մինչդեռ Գագիկենց ծորակը չոր է:
«Էս մի ամսուկես ա՝ ես ջուր չունեմ, ես իմ քյորփի հմար մի պտղունց ջուր եմ ուզում, ուրիշ բան չեմ ուզոմ, վսյո», - ասում է Էմինյանը:
Զրույցի ավարտին վարչական ղեկավարը Գագիկին հորդորեց, որ համայնքապետի դեմ բողոքը Ոստիկանությունից ետ վերցնի։ Գագիկն այդպես էլ հստակ չպատասխանեց՝ կհրաժարվի՞ բողոքից, թե՞ ոչ, մանավանդ որ Քննչականը որոշել է բողոքն անհետևանք թողնել։
«Մենակ այ էս հարցը լուծեն, ինձ ջուր տան, ուրիշ ոչ մեկից ես բողոքավոր չեմ, ընդհանրապես՝ ո՛չ Քաջոյից, ո՛չ նրանից, ոչ մնից, մենակ իմ ջուրը գա, վսյո», - հայտարարեց Գագիկ Էմինյանը:
«Հլա լսի, հմի խելոք մնա, կտենանք ինչ ենք անում, մի հարցով կլուծենք», - արձագանքեց Հրանուշ Ռոստոմյանը:
Վարչական ղեկավարը խոստում տվեց՝ ջրի խնդրով կզբաղվեն. - «Հմի կաշխատենք էդ հարցը կհարթենք, իրա ջուրն էլ կսարքենք»: