Գիշերը Վաղարշապատի քաղաքապետ Դիանա Գասպարյանի սկեսրայրին պատկանող գազալցակայանի տարածքում տեղի ունեցած սպանության գործով առայժմ ձերբակալված չկա, իրավապահները դեռ փնտրում են կասկածյալին, «Ազատությանը» փոխանցեցին Քննչական կոմիտեից:
Արտիմետ խճուղի 1 հասցեում գտնվող բենզալցակայանն այսօր չէր աշխատում, «Ազատության» նկարահանման պահին այնտեղ որևէ աշխատակից չկար:
Սպանության դեպքի վայր դարձած լցակայանը ճանապարհի վրա է, մի փոքր հեռվում առանձնատներ կան, սակայն տեղի բնակիչները խոսել չցանկացան: Տեղում հսկողություն են իրականացնում ոստիկանները, քանի որ ինչպես ասացին, քննչական գործողությունները դեռ ավարտված չեն:
Քննչական կոմիտեն քրեական վարույթը նախաձեռնել է սպանության և ապօրինի կերպով հրազեն պահելու, կրելու հոդվածներով: Ով կամ ովքեր են սպանության կասկածյալները, իրավապահները չեն բացահայտում:
Հայտնի է սպանվածի ինքնությունը: Ներքին գործերի նախարարությունից «Ազատությանը» հայտնել են, որ գիշերը ժամը 2-ին ահազանգ են ստացել հրազենային վիրավորմամբ «Էջմիածին» բժշկական կենտրոն տեղափոխված տղամարդու մասին:
«Նախնական տվյալներով ՝ մարտի 22-ին՝ ժամը 01։30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Արտիմետ բնակավայրի սկզբնամասում գտնվող գազալցակայանի տարածքում մի խումբ անձանց միջև վիճաբանություն է եղել, արդյունքում՝ տղամարդը կրակոց է արձակել 36-ամյա Արթուր Պարոնյանի ուղղությամբ: Պարոնյանը բժշկական կենտրոնում գիտակցության չգալով մահացել է», - փոխանցել են ՆԳՆ-ից։
«Հետք»-ի տվյալներով՝ սպանություն կատարելու մեջ կասկածվում է 33-ամյա «Ճապ» մականունով տղամարդը: «Հետք»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ սպանված Արթուր Պարոնյանը «մի քանի ամիս առաջ վիճել է Դիանա Գասպարյանի ամուսնու՝ Վաղարշապատի ավագանու անդամ Արամայիս Միրզոյանի հետ, ինչը խոր հետքեր է թողել»:
Ինչի՞ շուրջ են վիճել Արամայիս Միրզոյանն ու սպանվածը, կապ ունի՞ արդյոք «Ճապ» մականունով տղամարդը ՔՊ-ական քաղաքապետի ընտանիքի հետ. Դիանա Գասպարյանից այս հարցերի պատասխանը ստանալ չհաջողվեց, նա հեռախոսազանգերին չի պատասխանում:
Այն, որ Արտիմետ խճուղի 1 հասցեում գտնվող գազալցակայանը պատկանում է Վաղարշապատի քաղաքապետի սկեսրայրին, «Ազատություն»-ը պարզել էր դեռ փետրվարին: Դիանա Գասպարյանը 13.6 միլիոն դրամի պայմանագիր էր կնքել սկեսրայրի՝ անհատ ձեռնարկատեր Աշոտ Միրզոյանի հետ՝ համայնքի համար սեղմված բնական գազ գնելու համար: