Մատչելիության հղումներ

Սնուփ Դոգի համերգի համար պետական դրամաշնորհ ստացած ընկերությունը գումարը դեռ չի վերադարձրել


Ռեպեր Սնուփ Դոգի երևանյան չկայացած համերգի համար պետական դրամաշնորհ ստացած «Դոպինգ Սփեյս» ընկերությունը 6 միլիոն դոլարը դեռ հետ՝ պետական բյուջե չի փոխանցել։

«Մենք դիմել ենք կազմակերպությանը համապատասխան պահանջով: Այս պահին սպասում ենք կազմակերպության կողմից գործողություններին», - ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Հարցին, թե արդյոք ընկերությունը պետք է ողջ գումարը վերադարձնի, թե կլինեն չփոխհատուցվող՝ արդեն իրականացված ծախսեր «Դոպինգ Սփեյս»-ի կողմից, նախարարը պատասխանեց. «Պայմանագրի դրույթները հստակ են՝ դրանք վերաբերում են ամբողջ գումարին»:

«Ազատությունն» ընկերությունից ևս հետաքրքրվել է, թե երբ են վերադարձնելու համերգի դրամաշնորհը, առայժմ պատասխան չկա։ Իսկ նախարարությունը գումարի վերադարձի մասին «Դոպինգ Սփեյս»-ին դիմել է դեռ տարեսկզբին։

Սնուփ Դոգի համերգի շուրջ այս պատմությունը Հայաստանում սկսվեց 2023-ի ամռանը. վարչապետի աշխատակազմի ղեկավարը այն ժամանակ հայտարարեց՝ Հայաստան է գալիս համաշխարհային մեծ աստղերից մեկը, գրելով, որ կառավարությունն է նախաձեռնել թոփ աստղերից մեկի համերգ-շոուն Երևանում։

Ավելի ուշ «Ազատությունը» պարզեց, որ համերգի գումարը հատկացվել է պետական դրամաշնորհի տեսքով Կրթության նախարարության բյուջեի «Արվեստների ծրագիր» տողով, որի նպատակն էր «նպաստել ազգային հենքի վրա ժամանակակից երաժշտարվեստի ու պարարվեստի զարգացմանը»։
Կառավարությունը հայտնվեց քննադատության թիրախում՝ դրամաշնորհի միջոցով, առանց մրցույթի համերգ պատվիրելու համար։

Նախարարն այսօր ասաց, որ ամեն դեպքում ինքն էլ ճիշտ է համարում մրցույթներ անցկացնելը։

Սնուփ Դոգի երևանյան համերգը հետաձգվել էր Արցախի վրա հարձակման ու բնակիչների գաղթի պատճառով։ 2023-ից հետո նախարարությունը «Դոպինգ Սփեյս»-ի հետ նոր համաձայնագիր էր կնքել, ըստ որի՝ համերգը պիտի 2024-ին կայանար, բայց դա էլ տեղի չունեցավ։

Մինչ այդ, անցյալ տարվա սեպտեմբերին Սնուփ Դոգի չկայացած համերգի պատմությամբ հետաքրքրվեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ու սկսեց ուսումնասիրություն 6 միլիոն դոլարի պետական դրամաշնորհի շուրջ։

«Դոպինգ Սփեյս»-ին տրված պետական օժանդակության առնչությամբ վարույթ հարուցելուց ու քննելուց հետո հանձնաժողովը որոշել է կարճել վարույթը, քանի որ պարզել են, որ մրցակցության կանոններ չեն խախտվել, իսկ «Հայաստանում միջոցառումների կազմակերպման շուկան լայն է»։

Ընդ որում, կառույցի ղեկավար Գեղամ Գևորգյանը նկատում է, որ տարվա ընթացքում տասնյակ թանկարժեք միջոցառումներ են անցկացվում պետական միջոցներով, ու դրանց հատկացվող գումարները ամեն տարի ավելանում են։

Շարունակությունը՝ «Ազատության» հեռուստառեպորտաժում.

XS
SM
MD
LG