Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ու Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հեռախոսով քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգի հարցեր։
Հայկական կողմի փոխանցմամբ, Սիմոնյանն ու Մատվիենկոն քննարկել են նաև ԱՊՀ ՄԽՎ խորհրդում և այլ հարթակներում համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր, ինչպես նաև անդրադարձել Մատվիենկոյի՝ Հայաստան նախատեսված պաշտոնական այցի կազմակերպչական հարցերին:
Հեռախոսազրույցից այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությունը նշում է, որ Մատվիենկոն կայցելի Երևան՝ «ռուս-հայկական միջպետական հարաբերություններին նոր լիցք հաղորդելու համար»։
Մատվիենկոյի Հայաստան այցելելու մասին դեռ հունվարի վերջին Մոսկվայում, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ, հայտարարել էր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն՝ առանց ժամկետներ հստակեցնելու։
Լավրովն ասել էր նաև, որ ինքն էլ է գալու Երևան։ Միրզոյանն էլ արձագանքել էր․ - «Երջանիկ կլինեմ ու սիրով կսպասեմ Ձեզ Երևանում»։