Հայ Առաքելական եկեղեցու կողմից համաֆինանսավորվող «Շողակաթ» հեռուստաընկերությանը իշխանականները հորդորում են եթերում լինելու համար մյուսների նման հայտ ներկայացնել ու մրցույթի մասնակցել: Հեռուստաընկերությունը հանրային հեռարձակողներից կրճատելու աղմկահարույց նախագիծն արդեն խորհրդարանում են քննարկում:
Նախագծի համահեղինակ, «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Թագուհի Ղազարյանը հետքայլ անելու մտադրություն չունի. - «Փակել բառը տեղին չեմ համարում, եթե «Շողակաթ»-ը մնացած մուլիտիպլեքսում կազատվի սլոթ, «Շողակաթ»-ը ունի ենթակառուցվածքներ, ունի աշխատակազմ, ունի ֆինանսական միջոցներ և ի վերջո ունի ինստիտուտներ, որոնք իր թիկունքին կանգնած են, և կարող է մասնակցել, հաղթել և թողարկվել մնացածների հետ հավասար պայմաններում»:
Իշխանականների պնդումները, սակայն, ընդդիմադիրներին չեն համոզում, ասում են՝ «Շողակաթ»-ը եթերազրկելու պատճառը բարձրաստիճան հոգևորականների ու Կաթողիկոսի դեմ սկսված վարչապետի արշավն է:
«Հայաստան» խմբակցությունից Լիլիթ Գալստյանը շաբաթներ շարունակ ահազանգում է՝ այս նախագծի հիմքում լուրջ ուսումնասիրություն ու փաստարկներ չկան:
«Ի՞նչ կոնկրետ ուսումնասիրությունների հիման վրա է կատարվել իրավիճակի գնահատումը, և ի՞նչ հիմքեր ունեք պնդելու, որ ներկա կարգավորումը պատճառում է որակական խնդիրներ, ռեսուրսների կրկնվող բովանդակություն և այլն», - հարցրեց դաշնակցական պատգամավորը:
«Եթե ես մտածեի, որ որևէ հիմնավորում Ձեզ կհամոզի կողմ քվեարկել, անշուշտ կհիմնավորեի», - արձագանքեց ՔՊ-ական պատգամավորը:
Իշխանականների պարզաբանումները չեն համոզում նաև լրագրողական կազմակերպություններին, որոնք հայտարարում են. - «Իրականում նախաձեռնության հիմքում ոչ թե վկայակոչված ֆինանսական, կառավարչական, որակական կամ գործառնական խնդիրներն են, այլ ակնհայտորեն քաղաքական կոնտեքստն է՝ հետզհետե սրվող առճակատումը իշխանությունների և Հայ Առաքելական եկեղեցու միջև, իսկ վերջինիս հետ էլ, ինչպես հայտնի է, սերտորեն փոխկապակցված է «Շողակաթ» հեռուստաընկերությունը»:
Մաքուր գրական հայերենով բազմաժանր մշակութային հաղորդումներ հեռարձակող «Շողակաթ»-ը եթերազրկելով իշխանություններն առանձնապես մեծ գումար չեն խնայի. 2024 թվականին, ըստ Հանրային հեռարձակողի խորհրդի, հեռուստաընկերությունը պետությունից հարկերը հանած շուրջ 185 միլիոն դրամ է ստացել, եթե օրերի բաժանենք, ստացվում է՝ մեկ ամբողջ օր եթեր ապահովելու համար պետությունը կես միլիոն դրամ է հատկացրել: «Շողակաթ»-ը կարողացել է օրը միջինը 3 ժամ 20 րոպե սեփական հաղորդումներ ու ժեստերի լեզվով թարգմանված գեղարվեստական, մուլտիպլիկացիոն ֆիլմեր ու սերիալներ հեռարձակել:
Անցած տարի Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանն ընդունել էր՝ «Շողակաթ»-ին հատկացվող գումարը շատ փոքր է, եթերազրկման հարցն այն ժամանակ էլ իշխանականների ծրագրերում էր: 2024-ին պատգամավոր Արսեն Թորոսյանն էր առաջարկում «Շողակաթ»-ի գումարը Հանրային հեռուստաընկերությանը տրամադրել:
«Հանրային հեռուստաընկերության բյուջեն 6 միլիարդ է, եթե մենք ունենք ևս լրացուցիչ 6 միլիարդ, կարող ենք զրոյից ստեղծել, հա, պետք է նաև շենք կառուցենք և հագեցնենք տեխնիկայով: Այսինքն՝ էն, որ Դուք համարեցիք եկամուտի աղբյուր՝ 206 միլիոնը, դա ընդհանրապես թիվ չէ որևէ ալիք պահելու համար», - իշխանական պատգամավորին պատասխանել էր Շիրինյանը:
Մայր Աթոռի հիմնադրած հեռուստաընկերությունն աշխատում է նաև եկեղեցու անհատույց տրամադրած ֆինանսական միջոցներով: Իշխանականներն իրենց նախաձեռնության մասին խոսելիս հիշատակում են «Շողակաթ»-ի իբր քաղաքական ուղղվածությունը: Իսկ ի՞նչ է ասում պաշտոնական վիճակագրությունը. Հանրային հեռարձակողի խորհրդի տվյալներով՝ հոգևոր-մշակութային լրատվության մասնաբաժինը հեռարձակված հաղորդումների միայն 5.5 տոկոսն է կազմում, եթերաժամանակի 26 տոկոսը զբաղեցնում են մշակութային հաղորդումները, մոտ 20 տոկոսը՝ տարբեր ժանրերի ֆիլմերը, հոգևոր հաղորդումների մասնաբաժինը 15 տոկոս է և մոտ 30 տոկոսը տրամադրվում է ուսումնական, մանկական հաղորդումներին, երաժշտական ծրագրերին ու համերգներին:
Համեմատության համար՝ շատ ավելի մեծ ֆինանսավորում ունեցող Հանրայինը 2024-ին եթերի միայն 21 տոկոսն է հատկացրել մշակութային, կրթական և մանկապատանեկան հաղորդումներին, փոխարենը՝ եթերաժամանակի 25 տոկոսը զվարճալի, ժամանցային ծրագրերն են կազմել: Բացարձակ առաջատարը լրատվական, վերլուծական, քաղաքական հաղորդումներն են եղել: Շատ ավելի համեստ միջոցներով «Շողակաթ»-ը ավելի շատ մշակութային ծրագրեր է հեռարձակել:
Հայաստանյան ամենահեղինակավոր լրագրողական կազմակերպություններն ընդգծում են՝ հանրային շահն է պահանջում՝ մշակութային, կրթական, գիտական թեմաները Հանրային հեռարձակողի առաջնահերթություններից պետք է լինեն, իսկ իշխանականների ներկայացրած նախագիծը հակառակ տպավորությունն է թողնում:
Առաջին ընթերցմամբ հարցի քննարկումն այսօր ավարտվեց, քվեարկություն դեռ չի եղել: