Մատչելիության հղումներ

Շիրակի մարզում գործող սպանդանոց չկա, մսավաճառները բողոքում են

Լրացված

«Էն գերմանական կինոների վախտ որ էրեխեքին գեղը կայնցնեին կսեին՝ «նեմցի», ըդպես մենք կսենք՝ «էկան», ի, մեկը մեկին ճվա գը «տղեք, լցվան, փախեք», մեկը բուդը կառնի փախնի, մեկը ... խո ըդպես չէ կարգը ... »:

Շիրակցի մսավաճառներն ասում են՝ հոգնել են ամեն օր վախը սրտներում միս վաճառելուց: Թեև սպանդանոցային մորթի մասին օրենքը գործում է չորս տարուց ավելի, բայց մարզում գործող սպանդանոց չկա, իսկ առանց սպանդանոցային մորթի միս վաճառելու դեպքում էլ և՛ տուգանվում են, և՛ միսն է առգրավվում ու ոչնչացվում:

Մսավաճառները Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) հերթական ստուգումից հետո այսօր զայրացած ու հուսահատ մարզպետարան էին եկել.

«Գալիս տուգանում գնում են մենակ, տուգանքները ահռելի թվեր, ամսվա մեջը հացի փող ենք աշխատում, հազիվ յոլա ենք էրթում ... »:

«Ինչքան որ կար ջարդած՝ սաղ առգրավել տարել են միսը: 20 հազար դրամ էր, հմի 100 հազար դրամ ... »:

«100 հազար դրամ՝ որպես ի՞նչ պտի տուգանեն, մսերն էլ առգրավին տանին: Ես էլ չեմ կայնի, վախենամ գը, ի՞նչ կայնիմ ... »:

Դժվարին կացության մեջ հայտնված մսավաճառներն այլ մարզերից ևս սպանդանոցային մորթի միս դժվարությամբ են ճարում.

«Սպանդանոցներից զանգենք կը միս կուզենք, չկա միս: Հոկտեմբերյանից, Արաքսից, ո՞ւրդից միս բերենք ... »

Պետության սահմանած կանոններով միս վաճառելուն կողմ են, միայն թե հարցնում են՝ ինչպե՞ս... Կառավարությունը նախքան իրենց 20 հազարից մինչև 500 հազար դրամով տուգանելը նախ թող սպանդանոցներով ապահովի.

«Մեր հիմնական պահանջը՝ թող բոյնիներ [սպանդանոցներ] սարքեն, որ մարդիկ կարանան աշխատին, կամ թողան մարդիկ աշխատին: Էդ աշխատած գումարի 80 տոկոսը մենք էլի պետությանն ենք տալըմ, սաղս վարկի ու պարտքի տակ ... »:

«Մինի բոյնիներ սարքեք ամեն համայնքի մեջը, մենք կերթանք ընդեղ վճարումը կենենք, որ անհատն օր պտի հարստանա, թող գյուղը հարստանա ավելի լավ է ... »:

«Էս սիստեմը չի էղնի, թող վերանայեն, օրենքը վերանայեն, օրենքը սխալ է: Հետո ի՞նչ որ պետությունն է օրենք հանողը, պետությունը չի՞ սխալվի ... »:

Ախուրյանցի Սենիկ Քոչոյանը խոզերին պիտի վաճառի, բայց սպանդանոցներին հասանելիություն չունեցող մսավաճառները հրաժարվում են մորթի ենթարկել.

«Ո՞ւր տանիմ՝ Ամասիան չունի, Ղուկասյանը չունի, Արթիկը չունի, Մարալիկը չունի, Ախուրյանը ունի, ո՞ւր տանիմ ես: Բերեմ գը էս տղոցը կըսեմ՝ վախենան չեն վերցնի; Իմ ապրանքս մնացել է, պտի ստենտավորվիմ, ծախեմ պտի, որ փող էնեմ տանիմ տամ մուծեմ, որ ինձի ստենտավորեն ... »:

Շիրակի փոխմարզպետն էր այսօր մսավաճառների մի խմբի ընդունել: Հանդիպումից դժգոհ դուրս եկան: Առաջարկել էր պետական աջակցության ծրագրին դիմել ու մոդուլային կամ շարժական սպանդանոց ձեռք բերել: Ասում էին՝ դա մեծ ծախսեր է ենթադրում, այդքան գումար չունեն.

«20-30 միլիոն դրամ դնելուն պետությունը 20 տոկոս սուբսիդավորե գը ... Ի՞նչ սուբսիդավորում: 30 միլիոն որ ունենամ, էլ միս ընչի՞ կծախիմ 30 աստիճան մառոզին ... »:

Մսավաճառները փաստաբանի հետ էին մարզպետարան եկել: Վերջինս ասաց, որ օրենքը պետք է վերանայվի. - «Կառավարությունը, երբ որ հանրային պահանջ կա, ժողովուրդը պահանջում է, պետք է վերանայի իր որոշումը և իր որոշումը չեղարկի: Որովհետև չի կարա որևիցե Կառավարության որոշում, ժողովրդի շահերից չբխող որևիցե օրենքի նախագիծ ընդունված, որը վնասում է ժողովրդի շահերին և ծանր պայմանների մեջ է դնում, այդ օրենքը գործի»:

Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետ Ռոման Համայակյանը հաստատում է՝ մարզում այս պահին գործող սպանդանոց չկա: Նա ևս մեկ ելք է տեսնում՝ օգտվել պետության աջակցության ծրագրից. - «Միջին հզորության մոդուլային սպանդանոցի ձեռքբերումը դիտարկենք, ապա քաղաքացին նախնական ներդրում պետք է իրականացնի մոտ 400 հազար - 500 հազար դրամի սահմաններում: Լիզինգի կանխավճարի 20 տոկոսի 80 տոկոսը պետության կողմից փոխհատուցվում է, այնուհետև մնացած գումարի լիզինգի տոկոսադրույքներն է սուբսիդավորվում, քեզ մնում է վճարել ամսական վճարումներ՝ տարեկան 23 տոկոս տոկոսադրույքով»:

Ի տարբերություն մոդուլայինի, շարժականն ավելի թանկ է, գումարվում է մեքենայի արժեքը: Ըստ գյուղվարչության պետի՝ հետաքրքրվողներ կան, օրինակ՝ Աշոցքի համայնքապետարանն ինքն է որոշել մոդուլային սպանդանոց կառուցել:

Մսավաճառներն այսօր անորոշ, առանց հստակ պատասխանների հեռացան մարզպետարանից: Երեք օրից կրկին կգան իրենց պահանջների հետևից:

Մսավաճառներն, ի դեպ, սպանդանոցների պակասից դժգոհում են ոչ միայն Շիրակում, այլ նաև մայրաքաղաքում ու այլ մարզերում: Անցած տարեվերջին Սննդի անվտանգության տեսչության ստուգումը Երևանում ոստիկանների հետ բախումով ու ձերբակալություններով ավարտվեց: Նույն պնդումը նաև Երևանում միս վաճառողներին էին անում՝ սպանդանոցները բավարար չեն:

Ըստ ՍԱՏՄ-ի՝ Հայաստանում գործող 127 սպանդանոց կա:

XS
SM
MD
LG