Միլարդատեր Իլոն Մասկը զղջում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին անցած օրերի իր հայտարարությունների համար՝ նշելով, որ «շատ հեռու գնաց»։
«Ես զղջում եմ նախագահ Թրամփի մասին անցած շաբաթվա իմ որոշ գրառումների համար։ Դրանք չափազանց հեռու գնացին»,- X-ում գրել է Մասկը։
Միլիարդատեր գործարարի և Սպիտակ տան ղեկավարի միջև լարվածությունը հրապարակային դարձավ Կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավարի պաշտոնից Մասկի հրաժարականից հետո։
Գործարարը, մասնավորապես, քննադատեց Թրամփի առաջարկած բյուջեի և հարկերի կրճատման մասին օրինագիծը՝ պնդելով, որ այդ «նողկալի օրենքի» ընդունումը կտրուկ կավելացնի ԱՄՆ արդեն իսկ հսկայական պետական պարտքը։
Լարվածությունն է՛լ ավելի սրվեց, երբ Թրամփը հայտարարեց, թե Մասկը լավատեղյակ էր օրինագծին և դեմ չէր, սակայն սկսեց խնդիրներ տեսնել, երբ իմացավ, որ կրճատվում են էլեկտրական մեքենաներ արտադրողներին տրվող պետական արտոնությունները, ինչը կազդի նաև իր ընկերության՝ Tesla-ի վրա: Ի պատասխան գործարարը պնդեց, թե առանց իր օգնության Թրամփը կպարտվեր նախագահական ընտրություններում, կոչ արեց նախագահի իմպիչմենթի գործընթաց սկսել՝ ակնկարկելով նաև Սպիտակ տան ղեկավարի և սեռական հանցագործությունների համար դատապարտված, ապա բանտում մահացած ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի միջև կապի մասին։