ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետաքրքրված չէ խոսել իր նախկին դաշնակից Իլոն Մասկի հետ, այսօր հայտարարել է Սպիտակ տան պաշտոնյան, հերքելով ավելի վաղ տարածված տեղեկությունները, թե գերտերության առաջնորդն ու աշխարհի ամենահարուստ գործարարն այսօր հեռախոսազրույց են ունենալու՝ վերջին օրերին սկսված հրապարակային ու թեժ բանավեճի ֆոնին։
Երբեմնի դաշնակիցները երեկ արդեն անցան հրապարակային սպառնալիքների ու մեղադրանքների։ Իլոն Մասկը Սպիտակ տան ղեկավարին մեղադրում է նախընտրական խոստումներից հրաժարվելու, բյուջեի ծախսերը կրճատելու ուղղությամբ ոչ բավարար քայլեր ձեռնարկելու համար, Թրամփը պնդում է, թե նա «խելագարվել է»՝ սպառնալով կրճատել Մասկի ընկերություններին հատկացվող պետական դոտացիաները։
Բանավեճից հետո Մասկի Tesla-ի բաժնետոմսերը երեկ 14 տոկոս անկում են գրանցել՝ կորցնելով մոտ 150 միլիարդ դոլար, ինչը էլեկտրական մեքենաների արտադրող ընկերության պատմության մեջ ամենամեծ անկումն է մեկ օրվա կտրվածքով։ Այսօր ցուցանիշները մոտ 5 տոկոսով բարելավվել էին, երբ լրատվամիջոցները հաղորդել էին Թրամփի ու Մասկի միջև նախատեսված հեռախոսազրույցի մասին։