Մատչելիության հղումներ

Սեփական հայրն է խեղդամահ արել 3-ամյա Տիգրանին. ՆԳՆ-ի նախնական վարկածը


Սեփական հայրն է խեղդամահ արել 3-ամյա Տիգրանին, ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն է այսօր ներկայացրել նախնական վարկածը:

Ծափաթաղցի փոքրիկին փրկարարները որոնում էին 7 օր ու գիշեր, մարմինը գտել էին երեկ՝ գյուղին հարակից դաշտամիջյան հատվածում:

«Շատ նախնական տվյալներով, երկու եղբայրները դուրս են եկել տնից, հետո հորն են հանդիպել, և հայրը խեղդելու ճանապարհով սպանել է փոքրիկին», - այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ներքին գործերի նախարարը:

Երեխայի մարմնի, գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ: Դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել: Քննչական կոմիտեից հայտնում են՝ հայրը՝ Արմեն Օվանեսովը, սպանության մեղադրանքով կալանավորված է:

Տիգրանը իրենից երկու տարով մեծ եղբոր հետ է եղել, ենթադրաբար սպանությունը նրա ներկայությամբ է եղել: Օրեր առաջ «Ազատության» հետ զրույցում երեխաների թե՛ հորաքույրը, թե՛ մայրը պատմում էին, որ ավագը ձեռքը անընդհատ կոկորդին է տանում, բայց ոչինչ ասել չի կարողացել, որովհետև համր է. «Ձեռը բողազին ա տանում: Երևի վախեցրել են, ինչ են արել, չգիտեմ» «Ձեռքը վզի վրա է տանում, բայց չգիտենք՝ ինչ է նշանակում»,- պատմում էին 3-ամյա Տիգրանի հորաքույրն ու մայրը:

5-ամյա հաշմանդամությամբ տղան, հորաքրոջ պնդմամբ, փոքրիկի անհետանալուց հետո անհանգիստ է եղել, փոխված:

Ներքին գործերի նախարարն այսօր ասաց նաև. «Եղբայրն, ով ուներ որոշակի առողջական խնդիրներ, պարբերաբար ռեակցիաներ էր տալիս։ Համապատասխան մասնագետ էինք ներգրավել՝ հոգեկան առողջական վիճակի վրա լրացուցիչ ծանրաբեռնվածություն չլինելու համար, որպեսզի փոքրիկից կարողանայինք պատշաճ կերպով տեղեկատվություն ստանալ»:

Շուրջ մեկ շաբաթ երեխային որոնում էին հարյուրավոր փրկարարներ, ոստիկաններ, կամավորներ: Տեղում շտաբ էր ձևավորել, 7 տեղամասերի բաժանած հազարավոր հեկտարներ էին անցնում՝ մոտոներով, շներով, դրոններով, արդեն Սևանա լճի ջրերում էին փնտրում երեխային ու պարզվում է՝ այս ընթացում հայրը տեղից տեղ էր փոքրիկի մարմինը:

«Իրականացվել է տարածքի չակերտավոր ասած սանրում, և յուրաքանչյուր հաջորդ տարածքի անցնելու պայմաններում, ըստ նախնական ցուցմունքի երեխայի հոր, նա երեխայի մարմնի տեղափոխություն է իրականացրել տարածքների», - ասաց Արփինե Սարգսյանը։

Ներքին գործերի նախարարը վստահեցնում է ի սկզբանե բոլոր, այդ թվում՝ հանցավորության վարկածը դիտարկվել է. «Այս վարկածն, ի թիվս այլնի, առաջին իսկ օրվանից եղել է մեր ուսումնասիրության շրջանակում»:

Հասկանալի չէ՝ ինչպես է այդ ընթացքում հայրը հաջողացրել տեղափոխել մարմինը՝ փոխանակ իրավապահների դիտարկման տակ լիներ:

Փոքրիկի որոնողական աշխատանքներին միացած Սվետլան Լևոչկինան սոցցանցի իր էջում գրառում է արել այն մասին, որ այն հատվածը, որտեղ գտնվել է մարմինը, բազմիցս են զննել և այնտեղ ոչ մի հետք չի եղել: «Չգիտեմ՝ ինչ ասեմ, փոքրիկին գտել են այն վայրում, որտեղ բոլորը շատ անգամ նայել են՝ ես էլ նրանց թվում: Ոչ մի հետք այնտեղ չկար: Պարզվում է՝ այդ գազանները այն գաղտնի բերել, դրել են: Չմարդիկ, չմարդիկ», - նշել է Լևոչկինան:

Ինչո՞ւ է հայրը խեղդամահ արել փոքրիկին

Ինչո՞ւ է հայրը խեղդամահ արել փոքրիկին, ներքին գործերի նախարարը փորձել է ինչ-որ բան հասկացնել՝ առանց շատ փակագծեր բացելու. «Երեխայի հայրը նշել է, որ ներընտանեկան որոշակի հարցադրման շրջանակներում է վրա հասել դեպքը: Խնդրում եմ պատշաճ գնահատենք իրավիճակը, այս պահի դրությամբ ես այլ տվյալ հանրայնացնել չեմ կարող», - ասաց նախարարը:

Գյուղում շշուկներ կային, որ հայրության վերաբերյալ կասկածներ է ունեցել ենթադրյալ մանկասպանը: Իսկ արդյոք նա առո՞ղջ է. ընտանիքում մտավոր ու հոգեկան խնդիրներով մարդիկ կան: Ներքին գործերի նախարարի խոսքով. «Արդեն նշանակվել են որոշ փորձաքննություններ, այդ թվում՝ առողջական վիճակի մասով՝ մնացյալ հարցադրումները պարզելու տեսանկյունից»:

Օվանեսովները Ծափաթաղի տանն ապրում են14 հոգով՝ Տիգրանենց բազմանդամ ընտանիքը ու հորաքրոջ՝ նույնպես բազմանդամ ընտանիքը. 9-ը երեխաներ են: Սոցիալական ծանր պայմաններում են. մեծերը առանց մշտական աշխատանքի՝ նպաստի հույսին: Միավորվել են, որ տաքանալու համար շատ փող չծախսեն:

Մարզպետի խոսքով՝ ինչ պիտի անեին, արել են

Արդյոք այս ողբերգությունը չի՞ զարգացել համայնքապետարանի, մարզպետարանի, սոցիալական ծառայությունների, այն մարմինների աչքի առջև, որոնց գործը դժվարին վիճակում հայտնված խոցելի ընտանիքներին պաշտպանելն է:

Գեղարքունիքի մարզպետի խոսքով՝ ինչ պիտի անեին, արել են. «Այս պահին մեր ունեցած այն միջոցները, որոնք նմանատիպ ընտանիքներին տրվում են, ամբողջությամբ իրացվել են»:

Եթե ընտանիքը նպաստ է ստանում, ուրեմն նրանց վիճակը գնահատվել է: Այսպիսին էր սոցապ նախարարի պատասխանը դեպքից օրեր անց. «Մենք այդ ընտանիքի կամ որևէ ընտանիքի մաս չենք կարող կազմել, որ իրենց ամենօրյա հոգսերով... ընդհանրապես որևէ ընտանիքի:

Նախարարությունից այսօր տեղեկացրին՝ սոցաշխատողները նախկինում էլ, հիմա էլ այցելել են ընտանիքին, արձանագրել խնդիրները: Առաջիկայում կարվի կարիքների համապարփակ գնահատում, որի արդյունքում ընտանիքին կտրվի անհրաժեշտ աջակցություն:

Վաղը Գեղարքունիքի մարզպետարանի խնամակալության ու հոգաբարձության հանձնաժողովում քննարկելու են Օվանեսովների երեխաների հարցը. «Պետք է նայել, որքանով է վտանգավոր երեխաների համար շարունակել մնալը այն դեպքում, երբ որ արդեն բռնարարը հեռացված է ընտանիքից։ Շատ անհատական պետք է նայել դեպքերը»։

Երեխայի իրավունքի փորձագետ Միրա Անտոնյանի խոսքով՝ երեխայի պաշտպանության համակարգերը երկրում թերի են, եթե փոքրիկը մեծահասակների չլուծված հարցերի զոհն է դարձել, խնդիրն ուրեմն նյութական չէ, այլ է, բայց դա էլ կարելի էր մեղմել:

«Մեղմացնել այդ ռիսկերը անշուշտ հնարավոր է։ Ի՞նչ է պետք դրա համար։ Դրա համար պետք է, որ մեր սոցիալական աշխատողների թիվը համեմատելի լինի բժիշկների թվի հետ, ուսուցիչների թվի հետ, համեմատելի լինի պարեկային ոստիկանների հետ», - ասաց Անտոնյանը։

Մյուս կողմից, եթե սոցաշխատողն արձանագրի, որ երեխաները վատ ու անառողջ պայմաններում են ապրում, ո՞ւր տանի նրանց, ռեսուրսներ չկան, պնդում է մասնագետը։

Հոկտեմբերի 27-ին տնից նապաստակներով, հողաթափերով խաղալու դուրս եկած փոքրիկի հուղարկավորությունը տանն էլ չգիտեն, թե երբ է։




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG