Գյումրիի նորընտիր ավագանու երկրորդ նիստն էր այսօր, հինգերորդ անգամ Գյումրիի քաղաքապետի պաշտոնը ստանձնած Վարդան Ղուկասյանին հոտնկայս դիմավորեցին:
Համայնքապետը նկատեց՝ «Քաղաքացիական պայմանագիրը» դահլիճում չէր: Ավագանու ամենամեծ խմբակցության 13 անդամները ներս մտան փոքր-ինչ ուշացումով՝ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանի գլխավորությամբ:
Ավելի ուշ ՔՊ խմբակցության ղեկավարն ուշանալը բացատրեց ավտոկայանատեղիում տեղ չլինելու հանգամանքով, այլ բան, ասաց, չկա: Իսկ ավագանու նիստում խմբակցությունների ղեկավարներն ու քարտուղարները ներկայացվեցին, հանձնաժողովների նախագահներն ու տեղակալներն ընտրվեցին: ՔՊ-ն՝ որպես ամենամեծ խմբակցություն, երկու հանձնաժողով կգլխավորի, «Մեր քաղաք»-ը և Կոմկուսը՝ մեկական: ՔՊ-ի հանձնաժողովների նախագահներն ընտրվեցին Կոմկուսի «կողմ» ձայների հաշվին, ՔՊ-ն էլ իր հերթին կողմ քվեարկեց և «Մեր քաղաքը» դաշինքի, և Կոմկուսի հանձնաժողովների նախագահների ընտրությանը:
Ֆինանսատնտեսական հանձնաժողովի ղեկավար ընտրվեց Վարդան Ղուկասյանի եղբոր թոռը՝ Գևորգ Ղուկասյանը: Իսկ դստեր ամուսինը՝ Ավետիս Առաքելյանը, աներոջ առաջին տեղակալը կլինի:
Ղուկասյանն ասաց՝ խիստ է լինելու:
Ավետիս Առաքելյանը նախկին ոստիկան է: ՔՊ-ն նրա թեկնածությանը ձեռնպահ քվեարկեց, ավագանու 17 անդամ՝ կողմ: Ավետիս Առաքելյանը մի փոքր հուզված էր, բայց չմոռացավ Աստծո հետ միասին աներոջն էլ շնորհակալություն հայտնել:
Նույն ձայներով քաղաքապետի մյուս տեղակալ ընտրվեց Կոմկուսի 2-րդ քարտուղար Գագիկ Մանուկյանը:
Նիստի ավարտին ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը մոտեցավ Ղուկասյանին, իրար ձեռք սեղմեցին: Ի տարբերություն լարված ու կոշտ մեղադրանքներով, վիրավորանքներով ուղեկցվող քարոզարշավի՝ քաղաքապետարանում այսօր մթնոլորտը հանգիստ էր ու բարեկամական:
Երբ Սարիկ Մինասյանը լրագրողների հարցերին էր պատասխանում, Ղուկասյանը իր աշխատասենյակ բարձրանալիս լրագրողներին հորդորեց նրան «վրա չտալ»: Վարդան Ղուկասյանը ևս կարևոր համարեց, որ Գյումրիի ավագանիում ընդդիմություն դարձած ՔՊ-ն նիստերին մասնակցի:
Գյումրիի քաղաքապետարանում արդեն կադրային փոփոխություններ կան: ՏԻՄ ընտրություններին մասնակցած «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Կարեն Մալխասյանին, օրինակ, Վարդան Ղուկասյանն առաջարկել է ղեկավարել աշխատակազմը:
Իսկ թե ով է գնացել, ով՝ մնացել, Ղուկասյանն ասաց՝ անուններով չգիտի, դիմումներ կան: Ի դեպ, քաղաքապետարանի նախկին շատ աշխատակիցներ վերադարձել են քաղաքապետարան: