«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ՝ իր անունով և իր դեմքով, «Ազատությանը» տված հարցազրույցում ասում է կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:
«Նա գնալու է մինչև վերջ իր դեմքով, իր անունով, իր բոլոր հնարավորությունները թողած՝ Հայաստանում այս պրոցեսը սկսելով, յոթ ամիս շարունակ ԱԱԾ մեկուսարանում լինելով՝ նա գնալու է մինչև վերջ և երկրում բերելու է այդ փոփոխություններն իր դեմքով», - շեշտել է Նարեկ Կարապետյանը:
Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից, իսկ ամբողջական տարբերակը կարող եք դիտել տեսանյութում.
«Ազատություն» - Պարո՛ն Կարապետյան, դուք իհարկե պնդում եք, որ գնում եք մեծամասնություն վերցնելու, բայց իշխանությունը վստահ է, որ դուք պատրաստվում եք «Գյումրի 2» անել, այսինքն՝ միավորվել մասնավորապես, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի առաջնորդած ուժի հետ և վերցնել իշխանությունը՝ պարտության մատնելով Նիկոլ Փաշինյանին։ Եթե ձեզ չի հաջողվում, այնուամենայնիվ, հունիսի 7-ին մեծամասնություն վերցնել, «Գյումրի 2»-ը ձեր համար ընդունելի՞ տարբերակ է, այսինքն՝ այս դեպքում կոալիցիայի կազմումը ձեզ համար։
Նարեկ Կարապետյան. - Ինչքան ես գիտեմ, Գյումրիում չկա կոալիցիա։
«Ազատություն» - Այո՛, չկա կոալիցիա։ Այստեղ պետք է լինի կոալիցիա, դրա համար եմ ասում՝ կոալիցիայի կազմում:
Նարեկ Կարապետյան- Գյումրիում չկա կոալիցիա, կարծում եմ՝ առաջնահերթ հարցը Հայաստանի համար այս երկրի այսօրվա ղեկավարի, քանի որ նա այս ծանրությունը, այս պատասխանատվությունը չի կարողանում էֆեկտիվ տանել, փոփոխումն է, բայց մեր քայլերն ամբողջությամբ միտված են նրան, որ ունենանք մեր հասարակության աջակցությունը։
«Ազատություն» - Մեծամասնությունը ստանաք։
Նարեկ Կարապետյան - Այո՛:
«Ազատություն» - Իշխանությունը վստահ է, որ ի վերջո դուք հետո վարչապետ եք դարձնելու Ռոբերտ Քոչարյանին։
Նարեկ Կարապետյան - Սամվել Կարապետյանը՝ որպես գործիչ իր մասշտաբով հաստատ, և այն ծրագիրը, որ մենք առաջարկում ենք, հաստատ նա չունի այդ խնդիրը և չի էլ կարող ունենալ, ով որ հասկանում է մասշտաբները, նա կհասկանա, որ այս ծանրության տակ մտնելով՝ նա մինչև վերջ գնալու է, և մինչև վերջը նշանակում է երկրում աղքատության հաղթահարումը, անվտանգության ապահովումը: Նա գնալու է մինչև վերջ իր դեմքով, իր անունով, իր բոլոր հնարավորությունները թողած՝ Հայաստանում այս պրոցեսը սկսելով, յոթ ամիս շարունակ ԱԱԾ մեկուսարանում լինելով՝ նա գնալու է մինչև վերջ և երկրում բերելու է այդ փոփոխություններն իր դեմքով:
«Ազատություն» - Որպեսզի հստակ լինի, Դուք բացառում եք, որ եթե գա հասնի այդ փուլը՝ կոալիցիոն կառավարություն կազմելու, վարչապետի թեկնածու ընտրեք Ռոբերտ Քոչարյանին։
Նարեկ Կարապետյան - Մեր վարչապետի թեկնածուն, իհարկե, Սամվել Կարապետյանն է, այո՛։ Սամվել Կարապետյանը մեր վարչապետի թեկնածուն է։
«Ազատություն» - Բացառո՞ւմ եք, որ նույնիսկ այդ դեպքում, երբ որ կոալիցիոն կառավարության հարց լինի, դուք կքվեարկեք Ռոբերտ Քոչարյանի օգտին։
Նարեկ Կարապետյան - Բոլոր հարցումների արդյունքներում ընդդիմադիր առաջին ուժը «Ուժեղ Հայաստանն է»՝ Սամվել Կարապետյանի ուժն է։
«Ազատություն» - Նկատի ունեմ ձեր այդ սկզբունքը, որի մասին դուք հայտարարել եք, որ նախկին որևէ նախագահ չպետք է ղեկավարի Հայաստանը։ Ձեր այս սկզբունքն անփոփո՞խ է։
Նարեկ Կարապետյան - Դա մեր տեսլականն է, բոլոր հարցումներով ընդդիմադիր առաջին ուժը Սամվել Կարապետյանի ուժն է, և մենք վստահ ենք, որ այդ ճանապարհով ենք մենք բերելու փոփոխություններ։
«Ազատություն» -Իշխանությունը պնդում է, որ ճիշտ է՝ դուք ցույց չեք տալիս, բայց իրականում շատ լավ համագործակցում եք Ռոբերտ Քոչարյանի հետ, և սրա ապացույցներից մեկն էլ նշում է, որ օրինակ՝ Արամ Վարդևանյանը, որ Ռոբերտ Քոչարյանի թիմի առանցքային անդամներից էր, հիմա դարձել է ձեր թիմի առանցքային անդամը։
Նարեկ Կարապետյան - Մի բան ասեմ։ Ես համակարգում եմ «Մեր ձևով» շարժումը, համակարգում էի, և այսօր «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, մեր քաղաքական պրոցեսների համակարգողն եմ։ Կյանքիս ընթացքում ես Ռոբերտ Քոչարյանի հետ չեմ հանդիպել գեթ մեկ անգամ։ Ես ֆիզիկապես չեմ տեսել Ռոբերտ Քոչարյանին մի անգամ։ Առաջին նախագահին տեսել եմ, մեր բոլոր գործիչներին տեսել եմ, Ռոբերտ Քոչարյանին չեմ տեսել։ Այս յոթ-ութ ալեկոծ ամիսների ընթացքում գեթ մեկ անգամ և դրանից առաջ էլ ամբողջ իմ կյանքի ընթացքում։ Ոչ մի շփում։
«Ազատություն» - Առանց տեսնելու կարելի է, հեռախոսով։
Նարեկ Կարապետյան- Ինչպե՞ս, նամակո՞վ այդպիսի լուրջ հարցերը... մեր երկրի այսօրվա կառավարությունը մի հատ երգ ունի։ Այդ երգը, որպեսզի ինքը իր անկարողությունը, իր տնտեսական թուլությունը, որ տնտեսական գործիչներ չունեն, աղքատության մակարդակը, ութ տարվա ընթացքում աղքատությունը, որ չի կարողացել նվազեցնել, երկրում թանկացումները հիմնավորել չկարողանալը բերում է մի բանի՝ նա ուղղակի ամեն անգամ աշխատում է համակարգի մեջ չթողնել նոր գործիչներ։ Նա կռվում է, ամբողջ կյանքում այդ մարդիկ կռվել են նույն գործիչների հետ։
Ե՞րբ կհրաժարվի միլիարդատերը Ռուսաստանի քաղաքացիությունից
«Ազատություն» - Պարո՛ն Կարապետյան, ձեր կուսակցության շնորհանդեսին դուք ասացիք, որ ուզում եք փոխել Սահմանադրության 148-րդ հոդվածը՝ ասելով՝ «թույլ տանք միայն մեկ՝ Հայաստանի քաղաքացիություն ունեցող ցանկացած անձի դառնալ Հայաստանի վարչապետ: Այս ժամանակ Սամվել Կարապետյանը կլինի միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի»: Սա ի՞նչ է նշանակում՝ Սամվել Կարապետյանը հրաժարվում է Ռուսաստանի, այդ թվում՝ Կիպրոսի քաղաքացիությունից:
Նարեկ Կարապետյան - Մենք հաստատում ենք, որ Սամվել Կարապետյանը, այո, ունենալու է միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն այդ ժամանակ։
«Ազատություն» - Սկսվե՞լ է պրոցեսը:
Նարեկ Կարապետյան - Նա գտնվում է կալանքի տակ, հայտնի գործիչը, վախենալով, որ Սամվել Կարապետյանը կլինի մեր հաջորդ վարչապետը և իմանալով այդ մասին, նրան պահում է կալանքի տակ, այդ պատճառով կան սահմանափակումներ, բայց մենք ասում ենք և հայտարարել ենք, որ այդ ժամանակ Սամվել Կարապետյանը կունենա մեկ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։
«Ազատություն» - Այսինքն՝ եթե կալանքից ազատ արձակվի, Սամվել Կարապետյանի առաջին գործը հենց դա է լինելու՝ նախաձեռնել քաղաքացիությունից հրաժարում:
Նարեկ Կարապետյան - Ինչպես նշեցի:
«Ազատություն» - Իսկ սպասելո՞ւ է Սամվել Կարապետյանը, եթե, իհարկե, կալանքից ազատվի, այսինքն՝ սպասելու է, տեսնի՝ իսկապես մեծամասնություն ստանում է իր առաջնորդած ուժը, այսինքն՝ ունի հնարավորություն իսկապես վարչապետ դառնալու, այդ ժամանա՞կ է իրապես հրաժարվելու Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիությունից, թե՞ անկախ ընտրությունների արդյունքներից նա այդ որոշումը իր համար կայացրել է։
Նարեկ Կարապետյան - Պրոցեսը պետք է շուտ սկսել, որպեսզի հասնել նշանակետին ճիշտ ժամանակին։
«Ազատություն» - Ճիշտ ժամանակը ե՞րբ է։
Նարեկ Կարապետյան - Ճիշտ ժամանակը, երբ որ մեր հանրությանը մենք կներկայացնենք արդեն Սամվել Կարապետյանին՝ որպես մեր երկրի վարչապետ։ Ազգային ժողովը կընտրի։
«Ազատություն» - Ավելի հստակ ձևակերպեմ, պարո՛ն Կարապետյան։ Այսինքն՝ դուք որոշակի կապ տեսնո՞ւմ եք քաղաքացիությունից հրաժարվելու և ընտրական արդյունքների միջև։
Նարեկ Կարապետյան - Ընտրական արդյունքների միջև կապը կա, այս է, որ հաջողության ժամանակ, ոչ թե դեպքում, այլ ժամանակ։