Մատչելիության հղումներ

Սամվել Կարապետյանի կալանքի դեմ բողոքը Վերաքննիչ է հասել դիմումը մուտքագրելուց 7 օր անց. փաստաբանը միտում է տեսնում


«Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանքի վերաբերյալ դատական վարույթի նյութերը Վերաքննիչ են հասել դիմումը մուտքագրելուց 7 օր անց: Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբից Ռուբեն Հակոբյանը սա արտառոց է համարում:

«Դա կարող է և տեխնիկական լիներ, բայց այս պարագայում չեմ կարծում՝ տեխնիկական է։Որովհետև, օրինակ, առաջին սկզբնական կալանքի դեպքում, երբ որ հատուկ վերանայման Վերաքննիչ բողոք ներկայացվեց, 1 օրում վարույթի նյութերը ուղարկվեցին Վերաքննիչ քրեական դատարան։ Այստեղ պահանջվեց 7 օր, որպեսզի հասնի Վերաքննիչ դատարան», - ասում է փաստաբան Ռուբեն Հակոբյանը։

Գործարարի պաշտպանական խումբը Կարապետյանի կալանքը երկարաձգելու որոշման հաջորդ օրն էր դիմել Վերաքննիչ, բայց այսօր են գործը մակագրել դատավորին: Ռուբեն Հակոբյանը կարծում է՝ միտումնավոր են ձգձգել: Կասկածներ ունի, որ փորձել են վերաքննիչի որոշումն էլ կանխատեսելի դարձնել. «Ողջամիտ մտահոգություններ ունեմ, որ դրա տակ ինչ-որ բան թաքնված է, ինչ-որ մեկը պետք է արձակուրդ գնա, սպասել են գնա, որ մակագրման համակարգում հանկարծ ինքը չլինի, կամ ինչ-որ մեկը արձակուրդից վերադառնա, որ հատկապես իրեն մակագրվի, որովհետև մենք տեսնում ենք, որ մակագրման գործընթացը թափանցիկ չէ և տարբեր ազդեցություններ այդ գործընթացի վրա, այնուամենայնիվ, տեղի են ունենում։ Այլ պատճառներ էլ կարող են լինել։ Ամեն դեպքում, դա նորմալ չէ, երբ որ 7 օր է պահանջվում, Առաջին ատյանի դատարանից վերադաս դատարան վարույթի նյութերը ուղարկել»:

Սամվել Կարապետյանն Ազգային անվտանգության ծառայության նկուղում է հունիսից: Նա կալանավորվեց հայ առաքելական եկեղեցին վարչապետ Փաշինյանի արշավից պաշտպանելուց ժամեր անց. «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու, հայ ժողովրդի վրա: Քանի որ ես միշտ եղել եմ Հայոց եկեղեցու ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն: Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին»։

Սամվել Կարապետյանի այս խոսքերը իշխանությունն ու իրավապահները մեկնաբանում են որպես իշխանությունը զավթելու հրապարակային կոչ: Ու, ըստ փաստաբանների, քրեական գործի ու կալանքի հիմքում բացառապես այս մեկնաբանությունն է: «Տաշիր գրուպ»-ի սեփականտիրոջ մեղադրանքը հետագայում լրացվեց փողերի լվացման, հարկերը չվճարելու և խարդախություն կազմակերպելու հոդվածներով: Փաստաբաններից Արամ Վարդևանյանը հայտնել էր, որ սրանց դեպքում կալանքը երկարաձգելու հիմնավոր կասկած դատարանը չի տեսել: Կարապետյանին կալանքի տակ են պահում եկեղեցին պաշտպանող մեկնաբանության համար:

«Դատավոր Տիգրան Դավթյանը փաստացի գտնում է, որ այդ տեսանյութը, որը առկա է, այնպես, ինչպես հիմա մեր հարցազրույցը, երբ կավարտվի, այլևս միշտ լինելու է հասանելի, գտնում է, որ դրա նկատմամբ կարող է տեղի ունենալ խոչընդոտում»,- «Ազատության» հետ զրույցում ասել է Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը:

Սամվել Կարապետյանի փաստաբանական խումբն այս անգամ չի հրաժարվի Վերաքննիչ բողոքից: Նախորդ անգամ, երբ դատարանը որոշեց, որ երկու ամսով կալանքի տակ է մնալու, դիմումը հետ վերցրին, քանի որ գործը մակագրվել էր դատավոր Արմեն Դանիելյանին: Փաստաբանները հիմանվորում էին, թե այս դատավորը ցածր վարկանիշ ունի ու նրա որոշումները մշտապես համընկնում են իշխանությունների ցանկությունների հետ:

«Ազատության» տեղեկություններով այս անգամ Հակակռուպցիոն վերաքննիչում գործը կքննի դատավոր Ժենյա Մելիքսեթյանը: Եթե դատավորը առաջնորդվի օրենքներով ու իրավաբանությամբ, ապա կբեկանի առաջին ատյանի որոշումն ու Կարապետյանին կազատի կալանքից, պնդում է փաստաբան Հակոբյանը. «Որոշակի ակնկալիքներ կան, բայց մեծ չեն: Եթե իրավաբանությունը մի փոքր աշխատի, այլ որոշում, քան մեր բողոքները բավարարել, ես չեմ պատկերացնում»:

Միլարդատեր Կարապետյանի պաշտպանական խմբում ընդգրկվել է նաև ամերիկացի հեղինակավոր փաստաբան Ռոբերտ Ամստերդամը: Նա փաստաթղթային խնդիրներ ունի ու նախորդ անգամ՝ կալանքի երկարաձգման նիստին չկարողացավ մասնակցել: Հայտնի փաստաբանը Կարապետյանի գործը որակել էր քաղաքական վրեժխնդրություն:

Ոստիկանները Սամվել Կարապետյանի տունը շրջափակեցին վարչապետի գրառումից ժամեր անց, երբ հրապարակային սպառնաց հոգևորականների բարեգործներին ընդմիշտ պասիվացնել: Իրավապահների գործողություններին էլ զուգահեռ շարունակեց գրառումները: Գործարարի պաշտպանական խումբը պնդում է, թե Կարապետյանի դեմ քրեական հետապնդումը սկսվել է Փաշինյանի որոշմամբ: Նրանք դիմել են նաև Մարդու իրավուքների եվրոպական դատարան:

Սամվել Կարապետյանը, որ մինչև քրեական գործընթացները, քաղաքականությամբ զբաղվելու մասին ոչ մի հայտարարություն չէր արել, բանտից հայտարարել է քաղաքական թիմ ձևավորելու ու Փաշինյանին հեռացնելու որոշման մասին: Խոստանում են առաջիկայում գործարարի առաջնորդած շարժման մասին ավելի մանրամասն ներկայացնել :

XS
SM
MD
LG